ՀԱՊԿ ԽՎ խորհուրդը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սիրիայում իրավիճակը կայունացնելու համար
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը միջազգային հանրությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել Սիրիայում իրավիճակի կայունացման համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ Խորհրդի համապատասխան հայտարարությունն ընդունվել է ՀԱՊԿ ԽՎ լիագումար նիստում, որն անցկացվում է Մոսկվայում։
«Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը միջոցներ ձեռնարկել Սիրիայում իրավիճակի կայունացման համար»,-ասվում է փաստաթղթում։
Փաստաթղթում նաև նշվում է, որ ՀԱՊԿ ԽՎ խորհրդի անդամները մտահոգված են «պաղեստինյան օկուպացված տարածքում և լիբանանա-իսրայելական սահմանային գոտում առճակատման աննախադեպ մակարդակով»։
«Մերձավոր Արևելքը կրկին հայտնվել է մեծ տարածաշրջանային պատերազմի շեմին, մենք կարծում ենք, որ ավելի քան մեկ տարի շարունակվող արյունահեղությունը պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում պահանջում է միջազգային հանրության վճռական և համախմբված պատասխան»,-ասվում է հայտարարության մեջ։
Ըստ խորհրդարանականների՝ պաղեստինա-իսրայելական չլուծված հակամարտությունը «ապակայունացնող ազդեցություն ունի ողջ տարածաշրջանի վրա», իսկ «Գազայի հատվածի շուրջ ավերիչ ճգնաժամը դարձել է լիբանանա-իսրայելական առճակատման կտրուկ սրման կատալիզատոր»: Նրանք միջազգային հանրության անդամներին կոչ են անում «դադարեցնել իրադարձությունների աղետալի զարգացումը և ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրել իրավիճակը դեէսկալացնելու համար», ինչպես նաև պատասխանատու կերպով կատարել Անվտանգության խորհրդի և ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված համապատասխան բանաձևերը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանն ուղիղ կապի մեջ է Սիրիան վերցրած զինված ուժերի ղեկավարության հետ
- Թուրքիան պատրաստ չէր ստանալ առանց Ասադ, առանց կենտրոնական իշխանության Սիրիա. Սաֆրաստյան
- Սիրիական ընդդիմությունը վերահսկում է Տարտուսը, որտեղ տեղակայված է ռուսական ռազմաբազան
- Ինչ է լինելու հայերի վիճակը Սիրիայում