Մալյան. Ինձ մոտ տպավորություն է, որ աշխարհի բոլոր կենդանիներից մեր ՄԻՊ-ը չի սիրում մարդուն
Հինգ իրավապաշտպանների նախաձեռնությունն այսօր՝ մարդու իրավունքների միջազգային օրը բողոքի ակցիա է հրավիրել Բռնադատվածներին նվիրված հուշահամալիրի մոտ։ Իրավապաշտպանները հուշակոթողի մոտ են հրավիրում բոլոր այն մարդկանց, որոնք ենթարկվել են քաղաքական հետապնդումների և քաղաքական բռնաճնշումների։
Հասարակական գործիչ, գրող Նարեկ Մալյանը, որ տևական ժամանակ պահվում էր անազատության մեջ, արձագանքել է հրավերին։
«Ցավոք, ես անցա քաղաքական հետապնդումների ողջ ներկապնակով՝ բռնություններ, հալածանքներ, բանտարկություն։ Բայց այստեղ հավաքված մարդկանց մեջ չեմ ճանաչում որևէ մեկին, որը հալածանքներից վախեցել է, լռել է, ճնշվել է»,-ասաց Մալյանը լրագրողների հետ զրույցում։
Նա նկատեց՝ գործող գլխավոր դատախազի պաշտոնավարման օրոք կալանքը դարձրել են պատժիչ մահակ, իսկ ՄԻՊ-ը, որ դատախազուհու ընկերուհին է, որևէ կերպ չի բարձրաձայնում խնդրի մասին։
«Բանտում գտնվելուս մեկ տարվա ընթացքում ՄԻՊ գրասենյակից զրո անգամ են հետաքրքրվել իմ ճակատագրով։ Ես իմացա, որ անգամ հայտարարել են, ես չկամ, այսինքն, քաղբանտարկյալներ չկան։ Ինձ մոտ տպավորություն է, որ աշխարհի բոլոր կենդանիներից մեր ՄԻՊ-ը չի սիրում մարդուն»,-ասաց Մալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։