Պետությանը վերադարձված գումարն ու գույքը ոչ թե հատիկ առ հատիկ, այլ՝ ընդհանուր
«Ապօրինի կերպով ձեռքբերած գույքի վերադարձը ոչ թե իրադարձություն է, այլ գործընթաց: Այդ գործընթացը սկսված է ու գնալու է մինչեւ վերջ»,-այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ու խոստացել, որ առաջիկայում հատիկ առ հատիկ հեշթեգով կներկայացնի արդեն իսկ պետությանը վերադարձված գույքերի ցանկը։
«Դատարանի վճռով Ծաղկաձոր համայնքում 24 հազար 993 քմ օտարված հողամասը (մոտարկված գինը 46 միլիոն դրամ) վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը»,-ներկայացրել է Փաշինյանը՝ հրապարակելով հեշտեգի ներքո առաջին հրապարակումը։
Նշենք, որ Panorama.am-ն անցած ամիս գրավոր հարցում էր ուղղել Գլխավոր դատախազություն՝ խնդրելով տրամադրել տվյալներ, թե «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ուժի մեջ մտնելուց հետո բռնագանձման արդյունքում որքա՞ն գումար է մուտքագրվել պետական բյուջե, այս տարվա ընթացքում որքա՞ն է կազմել բռնագանձման արդյունքում պետական բյուջե մուտքագրված գումարը։
Ի պատասխան նոյեմբերի 15-ին Գլխավոր դատախազությունից հայտնել են հետևյալը.
««Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ուժի մեջ մտնելու պահից ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ՝ Իրավասու մարմին) և պատասխանողների միջև կնքվել է հաշտության 8 համաձայնություն, որոնք հաստատվել են դատարանի կողմից:
Կնքված հաշտության համաձայնությունների արդյունքում ՀՀ սեփականությանը փոխանցվել է 7 անշարժ և 1 շարժական գույք՝ ընդհանուր շուրջ 4 մլրդ 100 մլն դրամ արժեքով, ինչպես նաև շուրջ 937 մլն դրամ կփոխանցվի:
Բացի այդ, ՀՀ հակակոռուպցիոն դատարանի կողմից կայացված 3 վճիռների համաձայն՝ վճիռների օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Հայաստանի Հանրապետությանը կվերադարձվի 5 անշարժ և 2 շարժական գույք, 2 իրավաբանական անձանցում մասնակցություն՝ ընդհանուր շուրջ 1 միլիարդ 123 միլիոն ՀՀ դրամ շուկայական արժեքով, ինչպես նաև շուրջ 1 միլիարդ 800 միլիոն ՀՀ դրամ:
Ներկայում պետական բյուջե է փոխանցվել 584,133,334 ՀՀ դրամ:
2024 թվականին բռնագանձման արդյունքում ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 524,566,667 ՀՀ դրամ»։