GRECO-ն ցավում է, որ ԱՆ-ն դեռևս դերակատարություն ունի դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերում
Կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խումբը (GRECO) արձանագրում է առաջընթաց խորհրդարանականների, դատավորների և դատախազների շրջանում կոռուպցիայի կանխարգելման գործում։ Մոնիթորինգի շրջանն ավարտվում է։ Ասված է Եվրոպայի խորհրդի հակակոռուպցիոն խմբի(GRECO) այսօր հրապարակած նոր համապատասխանության զեկույցում։
Այն որպես եզրակացություն նշել է, որ Հայաստանը լրացուցիչ քայլեր է ձեռնարկել խորհրդարանականների և դատական իշխանության շրջանում կոռուպցիայի կանխարգելման վերաբերյալ դեռևս 2015 թվականին տրամարդրված առկախված առաջարկություններն իրականացնելու ուղղությամբ։ GRECO-ն նշում է, որ ուղարկված 18 առաջարկություններից 12-ը բավարար կերպով իրականացվել են, իսկ 6-ը մնում են մասամբ կատարված։ Զեկույցով ավարտվում է մոնիթորինգի այս շրջանում Հայաստանի համապատասխանության ընթացակարգը։
GRECO-ն ընդգծում է, որ պարզաբանվել և թարմացվել են նվերների ընդունման համար կիրառելի կանոնները բոլոր կատեգորիաների անձանց համար (խորհրդարանականներ, դատավորներ և դատախազներ)։
Զեկույցն արձանագրում է, որ խորհրդարանականների մասով որոշակի առաջընթաց ընթացքի մեջ է։ Իշխանությունները զեկուցել են խորհրդարանականների աշխատանքում հասարակության ներգրավման կիրառված դրական օրինակների մասին։ Միջոցներ են ձեռնարկվել նաև խորհրդարանականների շահերի բախումները կանխարգելելու (այսինքն, առևտրային կազմակերպություններում խորհրդարանականների ունեցած մասնաբաժինները տրաստային կառավարման փոխանցելու կանոնները) և ռիսկերի ավելի խորը զննություն ապահովելու գործում։ Դեռևս պետք է ընդունվեն վարքագծի կանոնները և զուգակցվեն արդյունավետ վերահսկողության, խորհրդատվության և իրազեկվածության բարձրացման միջոցների հետ։
Ինչ վերաբերում է դատական համակարգին, GRECO-ն ցավում է, որ Արդարադատության նախարարը դեռևս դերակատարություն ունի դատավորների նկատմամբ կարգապահական ընթացակարգերում։ Այնուամենայնիվ, Դատական և իրավական բարեփոխումների ռազմավարության 2022-2026 թվականների գործողությունների ծրագիրը նախատեսում է դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հանձնաժողովի ոչ դատավոր անդամների ձայներին հատկացված կշռի վերանայում։ Դատավորների հավաքագրման և առաջխաղացման վերաբերյալ որոշումների համար տրամադրվել են բողոքարկման մեխանիզմներ։ Աշխատանքից ազատման որոշումների համար «Դատական օրենսգրքի» փոփոխություններով ներդրվել է Բարձրագույն դատական խորհրդի որոշումների բողոքարկման մեխանիզմ, որը դեռևս չի գործարկվել։
Թեև այս զեկույցը, որը հինգերորդն է իր շարքում և գնահատում է համապատասխանությունը 2015թ.-ի առաջարկություններին, դադարեցնում է մոնիթորինգի այս փուլը, Հայաստանի իշխանությունները կարող են, այնուամենայնիվ, ցանկանալ տեղեկացնել GRECO-ին չիրականացված առաջարկությունների իրականացման հետագա զարգացումների մասին: Դրանք վերաբերվում են խորհրդարանականների վարքագծի կանոնագրքի ընդունմանը, էթիկայի չափանիշներին և կանոնագրքին դրանց համապատասխանության մոնիթորինգի մեխանիզմի ամրապնդմանը, դատավորների հավաքագրման, առաջխաղացման և աշխատանքից ազատման ընթացակարգերի բարեփոխմանը, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթի համակարգի վերանայմանը, դատավորների գործունեությանն անհարկի միջամտության բացահայտմանը և համապատասխան պատժի արդյունավետ կիրառմանը, ինչպես նաև դատավորների վրա ոչ պատշաճ ազդեցությունները կանխելու միտումնավոր քաղաքականությանը։
Հայաստանը շարունակում է վերահսկվել GRECO-ի կողմից իրականացվող մոնիթորինգի հինգերորդ փուլում, որի ուշադրության կենտրոնում են կենտրոնական կառավարություններում (գործադիր բարձրագույն գործառույթներ) և իրավապահ մարմիններում կոռուպցիայի կանխարգելումն ու ամբողջականության խթանումը:
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան