Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվում են Ախթալայում պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան ուշագրավ ցուցանմուշներ
Հայաստանի պատմության թանգարանում բացվեց «Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությունը։
Առաջին անգամ Ֆրանսիայից Հայաստան են բերվել և Հայաստանի պատմության թանգարանում ցուցադրվել ֆրանսիացի անվանի հնագետ Ժակ դը Մորգանի (1857-1924 թթ․) կողմից Ախթալայում 19-րդ դ․ 80-ական թթ․ պեղված բրոնզեդարյան և երկաթեդարյան հինգ ուշագրավ ցուցանմուշներ, որոնք ներկայացված են դեռ 1990-ական թթ․ հայ-ֆրանսիական արշավախմբերի կողմից տարբեր հնավայրերում հայտնաբերված և ՀՀ թանգարաններում պահվող ավելի քան վեց տասնյակ հնագիտական առարկաների համադրությամբ։
Ասուլիսում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանն ասաց, որ այսօր ազդադարվում է կարևոր միջազգային ցուցահանդեսի բացում, որը վերաբերում է Հայաստանի հարուստ պատմամշակութային, հատկապես հնագիտական ժառանգությանը և հայ-ֆրանսիական համագործակցությանն այս ոլորտում՝ սկսած 19-րդ դարից հայտնի հնագետ երկրաբան, ինժեներ Ժակ դը Մորգանից։
«Ցուցահանդեսի շրջանակներում հնարավորություն ունենք տեսնելու 19-րդ դարի 80-ական թվականներին հայտնի հնագետ Ժակ դը Մորգանի կողմից Հայաստանի հյուսիսային շրջաններում՝ Ախթալայում պեղված հնագիտական ժառանգությունից 5 ուշագրավ նմուշներ։ Սրանք բացառիկ կերպով այսօր համադրված են դեռևս 1990-ական թվականներից նաև Ժակ դը Մորգանի հետքերով աշխատող հայ-ֆրանսիական հնագիտական արշավախմբերի գործունեության արդյունքում բացահայտված վեց տասնյակից ավելի ցուցանմուշների հետ, որոնց մի մասն առաջին անգամ է ցուցադրվում»,- ասաց Դ.Պողոսյանը։
Նրա կարծիքով, կարևոր նախադեպ է ու կդառնա հետաքրքիր ավանդույթ։
ՀՀ ԿԳՄՍ նախարարության մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանն ասաց, որ 2024 թվականը թանգարանային ոլորտի համար իսկապես ինստիտուցիոնալ բարեփոխումների, համակարգային ձեռքբերումների տարի է՝ տարեսկզբին ընդունվեց Թանգարանների մասին օրենքը, թանգարաններում տեղադրվեց էլեկտրոնային տոմսային համակարգ, կարևոր է տարին նաև միջազգային հարուստ համագործակցության ձեռքբերումներով։
«Սա այս տարի մեր երկրորդ նմանատիպ խոշոր նախաձեռնությունն է ու միջազգային համագործակցության կայացումն այս անգամ մեր ֆրանսիայի գործընկերների հետ»,- ասաց նա։
Ա.Մարաբյանն ասաց, որ այս ցուցադրությունը շեշտադրում ու բացահայտում է հայ մշակութային ժառանգության շատ կարևոր դրվագներ, փաստում է հայ-ֆրանսիական դարավոր համագործակցությունը։
«Ցուցադրությունը հետաքրքիր կլինի ոչ միայն մասնագիտական հետազոտական, նաև մեր ընդհանուր լսարանի ընդլայնման տեսանկյունից»,- նշեց նա։
Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական, տնօրեն Քսավիե Ռիշարն ասաց, որ այս նախագիծը կարելի է դիտարկել մշակութային ժառանգության պահպանության ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության համատեքստում։
«Ուրախ ենք, որ այս համագործակցությունը կայացավ: Կարևոր է նշել, որ այս ցուցադրությունը ֆրանսիացի հնագետ Ժակ դը Մորգանի անվան շուրջ է, մի մարդ, ով իր ամբողջ կյանքի նշանակալի հատվածը նվիրել է հայկական հարցի բարձրաձայնմանն ու պաշտպանությանը: Ժակ դը Մորգանն այն մտավորականներից է, ովքեր առաջիններից արձագանքեցին ու բարձրաձայնեցին Օսմանյան Թուրքիայի կողմից հայերի ջարդերի, աքսորի մասին:
Նրա անունը մշտապես շրջանառվում է, երբ հայկական հարցի մասին է խոսք լինում:
Նրա ողջ գործունեությունը հայ-ֆրանսիական հարաբերությունների, ջերմ բարեկամական համագործակցության ապացույցն է»,- ասաց Քսավիե Ռիշարը:
Նա նշեց, որ սա մեծ իրադարաձություն է իրենց համար, մեծապես ուրախ են այս ցուցադրության կայացման համար:
«Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությանը կազմակեպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի համագործակցությամբ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան ակտիվ նախաձեռնությամբ ու աջակցությամբ, ՀՀ ԿԳՄՍ և Ֆրանսիայի մշակույթի նախարարությունների ակտիվ աջակցությամբ և հովանու ներքո։
Ասուլիսին ներկա Ֆրանսիայի ազգային հնագիտության թանգարանի տնօրեն Ռոզ-Մարի Մուսսոն ասաց, որ Ժակ դը Մորգանը 19-րդ դարի նշանավոր գործիչ է, ով պեղումներ է իրականացրել Հայաստանում. «Հույս ունեմ միակը չէ, և ապագայում առիթ կունենանք այլ մասնագետների աշխատանքներ ներկայացնել Հայաստանում: Մեծապես հույս ունեմ, որ այս ցուցահանդեսը ոգեշնչման աղբյուր է դառնալու մի շարք հայ երիտասարդների հետ, ովքեր 20-30 տարի անց, միգուցե այս ցուցադրությամբ ոգեշնչված, դառնան հայտնի հնագետներ»:
«Երեկ և այսоր. Ժակ դը Մորգանի հետքերով» խորագրով միջազգային ցուցադրությունը կգործի մինչև 2025 թվականի մարտի 11-ը:
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան