Մակրոնը զանգահարել է Իվանիշվիլիին
Ֆրանսիայի նախագահի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլիի և Էմանուել Մակրոնի միջև։ Այս մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով «Վրացական երազանք» կուսակցության տարածած հաղորդագրությունը։
«Մակրոնը նշել է, որ անհանգստացած է Վրաստանում ստեղծված իրավիճակով և ցանկություն է հայտնել նպաստել այս իրավիճակի լիակատար լիցքաթափմանը։ Բիձինա Իվանիշվիլին իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի նախագահին նախաձեռնության համար և ողջունել համատեղ ջանքերի գաղափարը։ Իվանիշվիլին և Մակրոնը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին կրկին շփումներ կկայանան և կգնահատեն ձեռք բերված առաջընթացը։ Զրույցը տևել է մեկ ժամ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Վրացական արևմտամետ ԶԼՄ-ների փոխանցմամբ, հաղորդագրությունում տեղ չեն գտել Մակրոնի խոսքերը ձերբակալվածներին ազատ արձակելու պահանջի մասին։
Մակրոնի աշխատակազմի տարածած հայտարարության համաձայն, Ֆրանսիայի նախագահը դատապարտել է ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ կիրառած բռնությունները, ափսոսանք է հայտնել կուսակցության՝ եվրոպական ուղուց շեղվելու կապակցությամբ։
«Ֆրանսիայի նախագահը ևս մեկ անգամ իր ափսոսանքն է հայտնել, որ Վրաստանը շեղվել է եվրոպական ուղեծրից և վերահաստատել է, որ Եվրամիության և Վրաստանի հարաբերությունների վրա միանշանակ կազդեն այն ուղղությունները, որոնք եղել են կամ կլինեն։ Նա կոչ է արել ներառական երկխոսություն սկսել բոլոր քաղաքական խմբերի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ հարգելով վրաց ժողովրդի եվրոպական և ժողովրդավարական նկրտումները, ևս մեկ անգամ ողջունել է վրաց ժողովրդի ձգտումները»,- ասված է Մակրոնի վարչակազմի հայտարարության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Համաշխարհային գեոպոլիտիկ «распродажа»-ում Հայաստանը ոչ թե գնորդ է, այլ ապրանք. Արմեն Աշոտյան