Երևանում վթարի ենթարկված 46 երթուղու ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ, քաղաքապետարանը գծատիրոջից դեպքի մանրամասներն է պահանջել
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: shamshyan.com-ը հայտնում է, որ ժամը 09:00-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 58-ամյա Սուրեն Մարտիրոսյանի վարած, Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 46 երթուղին սպասարկող «Hyundai» ավտոբուսն ու Երևանի բնակիչ 58-ամյա Կարեն Մկրտչյանի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենան:
«Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ ավտոբուսի վարորդը, որում եղել են մեծ թվով ուղևորներ, եղել է ոչ սթափ, մինչդեռ Երևանի քաղաքապետարանը անընդհատ հայտարարություններ է տարածում, թե երբ վարորդները երթուղի են դուրս գալիս, անցնում են համապատասխան ընթացակարգով, այդ թվում՝ բժիշկը հետազոտում է նրան, ենթարկվում է սթափության փորձաքննության, մինչդեռ այսօր ավտոբուսի վարորդը եղել է ոչ սթափ:
Ավտոբուսն էլ տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք»,- գրել է կայքը։
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ 46 երթուղին Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ չէ, այդ երթուղին սպասարկում է մասնավոր ընկերությունը։
«Եթե անգամ վարորդը խմած է եղել, քաղաքապետարանն այդ մասով լիազորություն չունի։ Մեր գործառույթն իրենց մասով հետևյալն է՝ վերահսկել, որպեսզի պատշաճ սպասարկում իրականացնեն։ Օրենքով մասնավոր երթուղին պետք է իր բուժակն ունենա, վարորդները սթափ են, թե ոչ, այսպես ասած, գծատիրոջ ֆունկցիան է։
Մենք այդ դեպքի մասին տեղեկացել ենք։ Որպես պատասխանատու ստորաբաժանում, որը մասնավոր երթուղիների հետ է զբաղվում, «Երևանտրանս» ՓԲԸ-ն է, իրենց հետ խոսել եմ, պետք է համապատասխան գրագրություն ապահովեն, որպեսզի տվյալ մասնավոր ընկերությունը դեպքի մանրամասները ներկայացնի մեզ»,- ասաց Հ.Կոստանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով նիստը