Իզմիրում բացվել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» Թուրքիայի գրասենյակը
Թուրքիայի Իզմիր քաղաքի Բալչովա շրջանում բացվել է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան համայնքի» Թուրքիայի գրասենյակը։ «Էրմենիհաբերի» հաղորդմամբ, բացման արարողությանը մասնակցել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ռեշադ Մեմեդովը։ Նշվել է, թե իբրև համայնքի նպատակն է պաշտպանել «ներկայիս Հայաստանի սահմաններում գտնվող Արևմտյան Ադրբեջանից բռնի աքսորված թյուրքերի իրավունքները»:
Բացմանը ելույթ ունենալիս դեսպան Մեմեդովը Հայաստտանն անվանել է «թյուրքերի պատմական հայրենիք»։ Նա նաև ընդգծել է. «Ինչպես որ հայերն ունեն Ղարաբաղում ապրելու իրավունք, այնպես էլ Ադրբեջանի թյուրքերն իրավունք ունեն ապրել Արևմտյան Ադրբեջանում»։
Մեմեդովը կարևորել է նաև այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանում թյուրքական ճարտարապետության և մշակութային ժառանգության պահպանությունը»՝ նշելով, որ անհրաժեշտ է պաշտպանել այդ տարածքներում առկա թյուրքական հետքերը։
Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» Թուրքիայի ներկայացուղիչ Ասիֆ Քուրբանը նշել է, որ ներկայացուցչությունn աշխատելու է, որպեսզի խաղաղ ճանապարհով ապահովվի վերադարձն այդ տարածք։
«Մենք ուզում ենք վերադառնալ մեր տուն ոչ թե զենքով, այլ խաղաղությամբ։ Այս ներկայացուցչությունը կլինի տեղեկատվական և իրազեկման կենտրոն մեր ժողովրդի համար», – ասել է Քուրբանը։