Փաշինյանը ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստում խոսել է «Խաղաղության խաչմերուկ»-ի մասին
«Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ներկա պայմաններում ապահովում է կազմակերպության անդամ երկրների տնտեսությունների զարգացման դինամիկան»,-այդ մասին Նիկոլ Փաշինյանը հայտարարել է դեկտեմբերի 13-ին Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում։
«Ժամանակակից իրողությունների համատեքստում ԵԱՏՄ-ի գործունեությունը լրացուցիչ խթան է հաղորդել անդամ երկրների միջև տնտեսական համագործակցության զարգացմանը՝ տարբեր մասշտաբների ներդրում ունենալով մեր պետությունների տնտեսական աճի դինամիկաների մեջ»,-նշել է նա և հավելել. «Մյուս առանցքային թեման ԵԱՏՄ-ի տրանսպորտային և լոգիստիկ ներուժի զարգացումն է, որտեղ անդամ երկրների հնարավորություններն ամբողջությամբ չեն օգտագործվում։
Այս համատեքստում հարկ եմ համարում ևս մեկ անգամ նշել մեր տարածաշրջանի համար «Խաղաղության խաչմերուկ» լայնածավալ ենթակառուցվածքային նախագծի կարևորությունը, որը ենթադրում է մի շարք տրանսպորտային և հաղորդակցության ուղիների ստեղծում և արդիականացում։
Հայաստանի Հանրապետության նախաձեռնած այս նախագիծը, ի վերջո, բարենպաստ պայմաններ կապահովի բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ հիմնված երկրների ինքնիշխանության և իրավասությունների, ինչպես նաև իրավահավասարության և փոխադարձության սկզբունքի վրա»
Նա կոչ արեց փոխզիջման գնալ ԵԱՏՄ ընդհանուր էներգետիկ շուկան կյանքի կոչելու համար։
«ԵԱՏՄ-ն ի սկզբանե ստեղծվել է և շարունակում է զարգանալ ընդհանուր տարածքներ, այդ թվում՝ ընդհանուր էներգետիկ շուկա ստեղծելու տրամաբանությամբ։ Սակայն գործնականում այս սկզբունքի իրականացումը բախվում է տարբեր դժվարությունների, ինչի հետևանքով հայտարարված որոշ նախաձեռնություններ լիարժեք չեն գործում։ Հաշվի առնելով այս հատվածի բարդ կառուցվածքը՝ ընդհանուր էներգետիկ շուկայի ժամանակին ձևավորումն և արդյունավետությունը կախված է փոխզիջումային լուծումներ գտնելու կողմերի պատրաստակամությունից»,-նշել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Միշուստինը շնորհակալություն է հայտնել իր հայ գործընկերներին ԵԱՏՄ նախագահի պաշտոնում արդյունավետ գործունեության համար
- Այսօր Մոսկվայում Պուտինի և Փաշինյանի միջև հանդիպումներ նախատեսված չեն. Պեսկով
- Փաշինյանը մեկնել է Մոսկվա
- Ինչո՞ւ է հայկական կողմը խնդրել, որ ԵԱՏՄ խորհրդի նիստն անցկացվի Սանկտ Պետերբուրգում. ԱԳՆ արձագանքը