Վարչության անդամները մտել, նայել են իմ ամենաինտիմ շփումները. Հովիկ Աղազարյան
Եթե ես վարչապետի եւ կուսակցության վարչության նախագահի խնդրանքը չեմ կատարել, դա լրիվ բավարար է, որ ինձ կուսակցությունից հեռացնեն, բայց ինչո՞ւ էր անօրինական ճանապարհով ձեռք բերված ինֆորմացիան բերել, դրել վարչության նիստին՝ անդամների ներկայությամբ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցությունից հեռացած, անկախ պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ հավելելով, որ կապացուցվի, որ դա անօրինական է եւ մարդիկ դրա համար պատասխան կտան:
«Եթե դու անօրինական ճանապարհով ձեռք ես բերել մի ինֆորմացիա, որը վերաբերում է պետական անվտանգությանը, բեր այդ դրվագը ու ասա, որ սրանից հետո էլ մենք պետք է դիմենք իրավապահ մարմիններին, որ պարոն Աղազարյանին պատասխանության կանչենք: Ինչի՞ ես բերել երկու մարդկանց միջև անձնական նամակագրությունը դրել սեղանին, ինչու եք մտել մարդու անձնական տիրույթ, նպատակը ո՞րն է։
Նպատակը կարող է լինի այն, որ վարչության որոշ անդամներ մտածել են, որ կուսակցության վարչության նախագահի խնդրանք մերժելը կարող է քիչ բավարար լինի, որ կուսակցությունից հեռացնեն, եկեք մի հատ էլ լրացուցիչ ինֆորմացիա բերենք, որ Աղազարյանին հեռացնելը ավելի հիմնավոր լինի։
Վարչության անդամները մտել, նայել են իմ ամենաինտիմ շփումները։ Դա՞ է ավելի անբարոյական թե՞ այն, որ ես ինչ-որ մեկի հետ գրառում ունեմ, ամենալկտի լեքսիկոնով:
Պետք է ինձ սևացնեին, որ վարչության մյուս անդամներից որևէ մեկը չհամարձակվեր ձեռնպահ մնալ, դա հասկանանք: Բա խմբակցության նիստ ինչո՞ւ եք բերել: Ուրեմն նպատակը մեկն է՝ ոչնչացնել Աղազարյան Հովիկին բոլոր հարթություններով, որ նա մանդատը վայր դնի։ Աղազարյանը մանդատը վայր չի դնելու։ Ցավոք սրտի, ես իմ նախկին գործընկերների հետ եմ մտել պատերազմի մեջ քաղաքական, ես հաղթելու եմ այս պատերազմը»,- հայտարարեց ԱԺ պատգամավորը:
Հարակից հրապարակումներ`
- Ամենաքիչ ինֆորմացիան Աղազարյանից ենք ստացել, ձեր մեջ ավելի լավ ինֆորմատորներ կան․ «Հրապարակ»-ի խմբագիր
- «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պարզաբանում է պահանջել Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալից
- Հովիկ Աղազարյանի փաստաբանը դիմել է դատախազություն