Ամենաքիչ ինֆորմացիան Աղազարյանից ենք ստացել, ձեր մեջ ավելի լավ ինֆորմատորներ կան․ «Հրապարակ»-ի խմբագիր
«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․
«Դժվար է քաղաքակիրթ բառերով բան բացատրել այն մարդուն, որի գլխավոր հոգսը ստամոքսը լցնելն է եւ իր խղճուկ կարգավիճակը պահպանելը: Հեռացված պատգամավորների պատմությունը լակմուսի դեր խաղաց` բացահայտելով ՔՊ կոչվող խառնամբոխի նվաստության, մտավոր հաշմանդամության, չարության, անօրինականության սահմռկեցուցիչ աստիճանը:
Եթե բաց թողնենք բոլոր հակասական ու ստոր հայտարարությունները, որ արտաբերել են սույն աղանդի ներկայացուցիչները, կարող ենք արձանագրել, որ ՔՊ-ից հեռացված անձանց 2 բանում են «մեղադրում»․ մեկը տեղեկատվություն է փոխանցել «Հրապարակին», երկրորդը փորձել է պաշտպանել ընկերոջը: Խմբագիր Փաշինյանը, իհարկե, կողջուներ հանրային շահ հետապնդող տեղեկատվության փոխանցումը որեւէ ԶԼՄ-ի` որեւէ պաշտոնյայի կողմից, կասեր` հանրությունը իրազեկված լինելու իրավունք ունի, կեցցե «Հրապարակը» եւ կեցցե տեղեկատվություն փոխանցած անձը, բայց հիշողություններով չտարվենք, չխոսենք նաեւ թափանցիկ լինելու, ժողովրդից թաքուն ոչինչ չանելու, օրենքին ծառայելու խոստումների մասին` հիմա օրը ցերեկով, անամոթաբար Սահմանադրություն ու օրենքներ են տրորում` հպարտ հայտարարելով` լավ ենք անում...
Ուզում եմ անդրադառնալ Նիկոլի «ուսապարկերի» մտքի մի թռիչքին: Մեկը օրերս գրել էր` պարզ է ինչու է «Հրապարակը» Աղազարյանին պաշտպանում` ինֆորմատոր են կորցրել: Նախ, մեր ինֆորմատորների մեջ ամենաքիչ ինֆորմացիան Աղազարյանից ենք ստացել, ձեր մեջ ավելի լավ ինֆորմատորներ կան, որոնք գիտակցում են, թե երկիրն ուր եք տանում եւ փորձում են նաեւ մեր միջոցով կանգնեցնել այդ ընթացքը: Երկրորդ` ձեր մտավոր եւ բարոյական նորմատիվներով, իհարկե, հասկանալի չի լինի, որ մենք միայն մեր ընկերներին չենք պաշտպանում, այլ բոլոր նրանց, ում իրավունքները ոտնահարվում են: «Հրապարակը» պաշտպանել է նաեւ Նարեկ Զեյնալյանին, ում գլուխը շոյում եք, թե` ապրես, որ մանդատդ դրեցիր: Պաշտպանում ենք Հակոբ Ասլանյանին, ով ոչնչով դրան չի արժանացել:
Պաշտպանում ենք Ռոբերտ Քոչարյանին ու Սեյրան Օհանյանին` չնայած երկուսն էլ մեզ դատի են տվել, հնարավոր վնասներ պատճառել ժամանակին: Պաշտպանում ենք Հրայր Թովմասյանին, ով աշխարհի ամենավատ Սահմանադրության հեղինակն է: Պաշտպանում ենք Վահան Քերոբյանին, ում մեղադրանքն այդպես էլ հասկանալի չեղավ եւ շատ ուրիշների: Բայց «ուսապարկն» ինչպե՞ս կարող է դա հասկանալ` նա զբաղված է իր կերակրատաշտը եւ երկիրը վարի տալու իր իրավունքը պաշտպանելով»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան