Քաղաքացու նշած վայրում զենք-զինամթերք է հայտնաբերվել
Դեկտեմբերի 11-ին «911» զանգած քաղաքացին հայտնել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի մոտ ինքնաձիգ է թողել: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանություն, և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է նշված վայր։
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ, հայտնաբերվել են ինքնաձիգի նմանվող առարկա, տարբեր տրամաչափի 349 փամփուշտ, «Ֆ1» տիպի՝ 2 և առանց պայթուցիչի «Մ7» տեսակի նռնակ, նռնակի 4 պայթուցիչ, «Մակարով» տիպի ատրճանակ՝ փամփշտատուփով, ատրճանակ, ծխագլանակ, «ԱԿՍ» տիպի ինքնաձիգ՝ փամփշտատուփով և այլ զինամթերք։
«Կրկին հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»,- նշում են ոստիկանությունից ։