«Հրապարակ». Ինչու է Փաշինյանը հրաժարվել պետական ռեկետի «ֆլեշ-մոբը» շարունակելու մտքից
«Հրապարակ» թերթը գրում է. «Դեռևս 2021 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր բաժնետոմսերի 25 տոկոսը հենց այնպես նվիրաբերեց ՀՀ կառավարությանը: Հետագայում ևս 6,8 տոկոս ավելացրեց դրան: Այն ժամանակ թվում էր, թե դա քաղաքական որոշման արդյունք է` ռուսական իշխանությունների հետ կայացված, սակայն երբ «ՄՏՍ-Արմենիան»` Վիվասելն էլ իր 20 տոկոսը նվիրաբերեց, պարզ դարձավ, որ պետական ռեկետի այս գործընթացը «ֆլեշմոբի» է վերածվում, և ՀՀ կառավարությունը դրա վրա կանգ չի առնելու` այլ ընկերություններից էլ է բաժնեմասեր «խլելու»:
Հաջորդը անոնսվեց «Լիդիան Արմենիայից» բաժնեմաս վերցնելու գործընթացի մասին: Լուրեր տարածվեցին, որ ՀԷՑ-ից են փորձում նույն սկզբունքով խլել, «Թիմ տելեկոմից», բայց «Լիդիանից» բաժնեմաս ստանալու արարողությունն անսպասելիորեն հետաձգվեց, թեև ազդարարվել էր, որ մարտի 26-ին էկոնոմիկայի նախարարը հանդիսավոր պայմաններում ընդունելու է այդ «նվերը»: Եվ մինչ օրս չի կայացել: Մեր տեղեկություններով, պետական ռեկետի այս փորձերը շատ վատ են ընկալվել ԱՄՆ իշխանությունների կողմից, և ԱՄՆ դեսպանը հասկացրել է, որ իրեն ժողովրդավար հռչակած երկիրը չի կարող մասնավորին պարտադրել, որ բաժնեմաս հանձնի իրեն, դա հակասում է բիզնեսի և ազատ շուկայի մասին համընդհանուր պատկերացումներին: Եվ Նիկոլ Փաշինյանը ստիպված է եղել հրաժարվել այս արատավոր «ֆլոշ-մոբը» շարունակելու մտքից»։
Մանրմասները թերթի այսօրվա համարում;