«Փաստ». Ինչո՞ւ է փաշինյանական իշխանության «շփումը» հայ ժողովրդի հետ տեղի ունենում բացառապես ծեծուջարդով, ոստիկանական մահակներով
«Փաստ» թերթը գրում է. ««Գումի շուկայի» հայտնի «մսի պասաժի» մսավաճառների դեմ երեկ առավոտյան իրականացված «հատուկ գործողությունն», ինչ խոսք, տպավորիչ էր: Դա ավելի շուտ նման էր վայրիվերո հարձակման: Ի՞նչ էր կատարվում: Ըստ կարգի, պետք է վաճառվի, իրացվի բացառապես սպանդանոցային եղանակով մորթի ենթարկված կենդանիների միս մսեղիք, իսկ եթե դա ոչ սպանդանոցային եղանակով ստացված միս-մսեղիք է, այն պիտի առգրավվի ու ոչնչացվի: Ըստ այդմ, երեկ առավոտյան Սննդի անվտանգության տեսչական մարմինը ոստիկանական ուժերի ագրեսիվ աջակցությամբ «մտել» էր հիշյալ «մսի պասաժ»:
Աղմուկ, աղաղակ, քաշքշուկ, արցունքաբեր գազի կիրառում՝ դիմադրող մսավաճառների դեմ, բերման ենթարկվածներ, ձերբակալվածներ, ինքնահրկիզման փորձ: Ավելի ուշ ՍԱՏՄ-ն հայտարարեց, թե առգրավվել է «ոչ սպանդանոցային» ծագման մոտ 1 տոննա միս, որը ենթակա է այրման: Արտաքուստ, կարծես, երկրում բավարար թվով սպանդանոցներ կան, և մսավաճառները կարող են օգտվել այդ ծառայությունից, նման վայրիվերո առգրավումների ու նրանցից շատերի համար միգուցե ճակատագրական առգրավումների գլխացավանքի տակ չընկնելու համար: Բայց մյուս կողմից՝ մարդիկ հո իրենք իրենց թշնամի՞ն չեն, որ բոլոր հնարավորություններն ունենան, բայց կարգը խախտեն ու նման «կուլակաթափական» առգրավումների տակ ընկնեն՝ ահռելի վնասներ կրելով:
Ի մասնավորի, փորձագետները փաստում են, որ սպանդանոցային հզորությունները բավարար չեն՝ ամբողջ ծավալով սպանդանոցային ծագման մսի իրացում ապահովելու համար: Ու դա հատկապես նկատելի է հիմա, երբ, հասկանալի պատճառներով, մսի պահանջարկը կտրուկ աճում է (Նոր տարի է): Այլ հարցեր էլ կան: Նախ՝ ի՞նչ են արել պետական կառույցները, որպեսզի մսավաճառները հետևեն սահմանված կարգերին: Արդյո՞ք բավարար պայմաններ ապահովել են, բավարար բացատրական աշխատանքներ տարել են: Երկրորդ՝ ո՞րն էր մարդկանց վրա այդպիսի հարձակում գործելու պատճառը, վերջին հաշվով, այնպես վրա տվեցին այդ մսավաճառների վրա, որ կարծես երկրի թշնամիների հետ գործ ունեին:
Ինչո՞ւ սա արվեց հենց Ամանորի շեմին: Ինչո՞ւ... Առհասարակ, ինչո՞ւ է փաշինյանական իշխանության «շփումը» հայ ժողովրդի հետ տեղի ունենում բացառապես ռեպրեսիվ եղանակներով, ծեծուջարդի, ոստիկանական մահակների, առգրավումների, տուգանքների, բեկորային նռնակների, արցունքաբեր գազերի միջոցով»։
Մանրմասները թերթի այսօրվա համարում
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանները ռետինե մահակներով հարվածում են քաղաքացիներին
- Ամո՜թ, ամո՜թ. Հ1-ի լրագրողներին ոստիկանական մեքենայով տարան Կիրանց, իսկ մյուսների մուտքն արգելված է