Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում կհնչեն հոգևոր և աշխարհիկ խմբերգեր
Դեկտեմբերի 21-ին ժամը 16:00-ին Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում տեղի կունենա Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի իգական երգչախմբի մենահամերգը։
Համերգին հնչելու է հայ կոմպոզիտորների հոգևոր և աշխարհիկ խմբերգեր։ Panorama.am-ի հետ զրույցում երգչախմբի գեղարվեստական ղեկավար և խմբավար Գրիգոր Հարությունյանն ասաց, որ համերգի առաջին բաժնում կհնչեն տարբեր դարաշրջանների հայ հոգևոր երգասացություններ՝ տարբեր կոմպոզիտորների մշակումներով՝ Կոմիտաս, Եկմալյան և ուրիշներ, երկրորդ բաժնում կհնչեն դասական և ժամանակակից կոմպոզիտորների մի քանի խմբերգեր՝ նվագակցությամբ։
«Մեզանում, հատկապես երիտասարդները, ծանոթ չեն հոգևոր երաժշտությանը։ Նպատակն է հանրայնացնել հոգևոր երաժշտությունը։ Իհարկե, ընտրել ենք այնպիսի կտորներ, որոնք ունկնդրին, լայն հանրությանն ավելի մատչելի են։
Կոմպոզիտորական ստեղծագործություններն էլ ինքնանպատակ չեն։ Արամ Խաչատրյան, Առնո Բաբաջանյան, Էդգար Հովհաննիսյան, Կոնստանտին Պետրոսյան ... մեր մեծերեն են, պարտավոր ենք կատարել ու հանրայնացնել, որոնց սեղծագործությունները սերտ կապի մեջ են հայ ազգային լադաինտոնացիոն առանձնահատկությունների հետ»,- նշեց նա։
Համերգի մուտքն ազատ է, որպեսզի հասանելի լինի լայն հանրությանը։
«Առանց այն էլ քիչ են հետաքրքրվողները, իսկ այդ հետաքրքրվողները միգուցե վճարունակ չեն, դրա համար որոշեցինք մուտքն ազատ լինի, որպեսզի մարդիկ գան ու ծանոթանան մեր անգին գոհարներին»,- ասաց Հ.Հարությունյանը։
Նա նաև հայտնեց, որ հաջորդ տարվա ապրիլին կամ մայիսին Կոմպոզիտորների միության հետ համագործակցությամբ, նախատեսում են համերգ կազմակերպել՝ հանրայնացնելու հայ ժամանակակից կոմպոզիտորների այն ստեղծագործությունները, որոնք մինչ այժմ չեն հնչել, մեծ մասամբ լինելու են պրեմիերաներ։