«Մանկավարժական մտքի փառատոն»-ին ուսուցիչներն ու աշակերտները կիսվում են իրենց լավագույն փորձով ու գրանցած արդյունքով
«Գլոբալ Բրիջ» կրթահամալիրում կայացավ «Մանկավարժական մտքի փառատոն»-ը։ 6-րդ տարին անընդմեջ մեկ հարկի տակ հավաքվում են ուսուցիչներ, աշակերտներ, ովքեր ներկայացնում են իրենց լավագույն փորձը։
Panorama.am-ի հետ զրույցում ԿԶՆԱԿ հիմնադրամի մասնագետ, «Գլոբալ Բրիջ» կրթահամալիր ծրագրի համակարգող Աստղիկ Բալայանն ասաց, որ իրենց նպատակն է փառատոնի ընթացքում ներկայացնել ուսուցիչների լավագույն փորձն ու տարածել։
«Ուսուցիչները ներկայացնում են իրենց հաջողված նախագծերը։ Նրանք իրենց հետ բերում են նաև իրենց աշակերտներին։ Ոչ միայն ուսուցիչն է պատմում, այլ հենց երեխաներն են ներկայացնում ծրագիրը։ Այդ ամենից ուսուցիչներն արդեն իրենց համար մասնագիտական եզրահանգում են անում»,- նշեց նա։
Առաջին անգամ փառատոնին մասնակցել են 18 խոսնակներ, ունկնդրել 150 հոգի։ Այս տարի 114 հայտ է ստացվել, ընտրվել են մոտ 80-ը։ Գրանցվել են 800-ից ավելի մասնակիցներ։
Ա. Բալայանը նշեց, որ այս տարվա փառատոնն երկու առանձնահատկություն ունի. «Ունենք լայն շրջանակ։ Այսինքն չկա մի առարկա, որի ուսուցիչն ընդգրկված չէ՝ շախմատից մինչև մաթեմատիկա, աշխարհագրությունից մինչև պատմություն, օտար լեզուներից մինչև ֆիզկուլտուր։
Հիմա Հանրակրթության պետական չափորոշչով պետք է 7-12-րդ դասարանի բոլոր աշակերտներն ամեն տարի մեկ նախագծի մասնակցեն։ Նկատում եմ, որ ուսուցիչներն ուզում են իրենց նախածգերը բերել ու ներկայացնել այստեղ»,-ասաց Աստղիկ Բալայանը։
Այս տարի «Մանկավարժական մտքի փառատոն» -ի գլխավոր գործընկերն է «Բվիկ» կրթական հիմնադրամը։ «Բվիկ» կրթական հիմնադրամը հիմնադրվել է 2024թ-ին, կազմակերպում է ընթերցանության մրցույթներ տարբեր տարիքային խմբերի համար՝ նպատակ ունենալով նվազագույնի հասցնել տարիքային խմբերին բնորոշ մի շարք խնդիրներ։
«Բացի մրցույթներից, մենք կազմակերպում ենք նաև գրքի առցանց քննարկումներ, քանի որ մարզերից շատ երեխաներ են ցանկանում մասնակել։ Մենք անում ենք նաև փափուկ հմտությունների դասընթացներ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց «Բվիկ» կրթական հիմնադրամի համահիմնադիր, տնօրեն Անահիտ Յուզբաշյանը։
Հիմնադրամի կարգախոսն է՝ «Բացի՛ր գիրքը, բացի՛ր միտքդ»։
«Մանկավարժական մտքի փառատոն»-ին «Բվիկ»-ը հանդես եկավ «Տո՛ւր լույս» խորագրով մրցույթով, որը նախատեսված է ուսուցիչների համար։
«Ուսուցիչն ամենակարևոր մասնագիտությունն է մեր հասարակության համար, ուզում ենք ուժեղացնել ուսուցչի դերը։ Ուսուցիչներն էլ պետք է իրենց հերթին խրախուսեն աշակերտներին սիրել գիրքը։ Անկախ բարձրագույն կրթությունից, եթե մարդ սիրում է գիրք, իր մտահորիզոնը, մտածելակերպն այլ է։ Մեր նպատակն է խթանելու սերն ընթերցանության հանդեպ»,- ասաց Անահիտ Յուզբաշյանը։