Քաղաքականությունը թուրքերի պարագայում նաև պատմությունը «սրբագրելու» լավագույն գործիք է. Դավիթ Անանյան
ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեհսբուքի իր էջում գրում է, թե քաղաքականությունը անհնարինը հնարավոր դարձնելու արվեստ է, իսկ թուրքերի պարագայում նաև` պատմությունը «սրբագրելու» լավագույն գործիք:
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը Թուրքիայի Սաքարիա քաղաքում իր կուսակիցների առջև ունեցած ելույթում խոստացել է վերանայել Առաջին համաշխարհային պատերազմի արդյունքները և սիրիական տարածքները (նախկին օսմանյան նահանգները) միացնել Թուրքիային։
Մի պահ, մտորելու համար, հիպոթեթիկ պատկերացրեք մենք էլ Թուրքիայի նախագահի պես, անդրադարձ ենք կատարում Առաջին համախարհային պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և, օրինակ` ի լուր աշխարհի ընգծում ենք մեր երկրի պատմական շարունակականության կարևորությունը և հարգելով ու գնահատելով մեր պատմական ժառանգությունը, այսօրվա Հայաստանի Հանրապետությունը հայտարարում ենք 1918 թվականի մայիսի 28-ին ձևավորված անկախ Հայաստանի (Առաջին) Հանրապետության անմիջական ժառանգորդն ու իրավահաջորդը՝ ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ոչ թե «հետխորհրդային երկիր», այլ՝ «նախախորհրդային» երկիր:
Այնուհետև, որպես վերոհիյալ հայտարարության տրամաբանական շարունակություն, կրկին ի լուր աշխարհի հայտարարում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը, որպես 1914-18թթ. առաջին համաշխարհային պատերազմում հաղթած դաշնակից պետություն, հանդիսանալով 1920թ. օգոստոսի 10-ին կնքված Սևրի հաշտության պայմանագրի կողմ, հետամուտ է լինելու Սևրի հաշտության պայմանագրով Թուրքիայի ստանձնած պարտավորությունների, ինչպես նաև ԱՄՆ-ին վերապահված արբիտրաժային իրավասությունների շրջանակում կայացված իրավարար վճռի իրագործմանը:
Եթե Առաջին համաշխարհային պատերազմում պարտված երկիրը ցանկանում է այսօրվա «ձեռքբերումների» ֆոնին սրբագրել իր պարտությունը, ապա կարո՞ղ ենք մենք արդյոք (կրկին` հիպոթետիկ) առնվազն քննարկման առարկա դաձնել մեր` որպես Առաջին համաշխարհային պատերազմի պատճառով հայրենազրկված ու ցեղասպանված ժողովուրդ, բայցևայնպես` հաղթանակած երկիր, միջազգային իրավունքի ուժով «հասանելիք» հատուցումների ստացման իրավունքը:
Չնայած, ամենայն հավանականությամբ, այս անգամ ևս «անհնարինը հնարավոր դարձնելու» փոխարեն սկսելու ենք մենք մեր ներսում վիճարկել մեր իրավունքների իրավունակությունն ու գործունակությունը, չտեսնելով (կամ չտեսնելու տալով) ուրիշների` գոյություն չունեցողը օրակարգ դարձնելու հմուտ քաղաքականությունն ու վարքագիծը»,-գրում է Անանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Սիրիայում Թուրքիայի դեսպանատունը վերաբացվել է 12 տարի անց
- «Եթե ուզում ես շատ արտահայտել քո սերը Մասիսի նկատմամբ, ասա՝ «ես թուրքերի Մասիս սարն եմ սիրում»». Ռուստամյան
- Ես դեմ չեմ Ադրբեջանի և Թուքիայի հետ խաղաղ ապրելուն. Սիմոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան