Միշուստին. ԵԱՏՄ երկրները կարող են պայմանագիր կնքել կոլեկտիվ պարենային անվտանգության մասին
ԵԱՏՄ երկրները նախատեսում են երկարաժամկետ համագործակցություն զարգացնել ագրոարդյունաբերական ոլորտում և կարող են պայմանագիր կնքել կոլեկտիվ պարենային անվտանգության մասին։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Նա նշել է, որ երեք տարի առաջ ԵԱՏՄ երկրները եկել էին այն եզրակացության, որ նպատակահարմար է ներդաշնակեցնել տարբեր հացահատիկային մշակաբույսերի առաջարկի և պահանջարկի ինդիկատիվ հավասարակշռությունը, ինչը հնարավորություն է տվել խուսափել բնակչության համար դրանց պակասից և համակարգել արտահանումը Միությունից դուրս։
«Օգտագործելով այս փորձը՝ մենք նախատեսում ենք ստեղծել այլ երկարաժամկետ մեխանիզմներ, որոնք կօգնեն արդյունավետ և, ամենակարևորը, արագ հարթել ԵԱՏՄ երկրների շուկաներում հնարավոր անհավասարակշռությունները»,- ասել է Միշուստինը «Российская газета»-ին տված հարցազրույցում։
Ագրոարդյունաբերական ոլորտը ԵԱՏՄ երկրների համագործակցության շրջանակներում ամենադինամիկ զարգացող ոլորտներից է։ 10 տարվա ընթացքում Միության երկրներում գյուղատնտեսական արտադրության ծավալներն աճել են, իսկ ինքնաբավության մակարդակն այժմ կազմում է մոտ 93%։ Միշուստինը նշել է, որ ներկայումս քննարկվում է կոլեկտիվ պարենային անվտանգության վերաբերյալ առանձին համաձայնագրի կնքման նախաձեռնությունը։
«Այն պետք է ընդգրկի ոչ միայն վերջնական արտադրանքի մատակարարումը, այլ նաև թույլ կտա մեզ համատեղ զարգացնել մեր երկրների բուծումն ու սերմնաբուծությունը»,- նշել է նա։
Նման արդյունքները, ըստ Միշուստինի, «ձեռք են բերվել հինգ պետությունների փոխլրացման և, իհարկե, բոլոր մակարդակներում համակարգված գործողությունների շնորհիվ»։
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին