Գոհար Գասպարյան՝ մեծ հայրենասերն ու համաշխարհային մեծ հռչակ ունեցող երգչուհին
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի Մեճ Ճեմասրահում դեկտեմբերի 14-ին բացվել է թանգարանային բացառիկ ցուցադրություն՝ նվիրած հայ մեծանուն երգչուհի՝ քնարա-կոլորատուրային սոպրանո, ԽՍՀՄ ժողովրդկան արտիստ, Մեսրոպ Մաշտոցի անվան շքանանշանակիր, պրոֆեսոր Գոհար Գասպարյանի ծննդյան 100-ամյա հոբելյանին։
Ցուցադրությունն ընդգրկում է Գոհար Գասպարյանի կյանքն ու ժառանգությունը ներկայացնող ցուցանմուշներ՝ Օպերային թատրոնի արխիվից, Գոհար Գասպարյանի անձնական արխիվից, ինչպես նաև «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան»-ի ֆոնդից և «Արումենիա Նիպպոն» հայ-ճապոնական գիտակրթական միության արխիվից։
Օպերային թատրոնը ծրագրի շրջանակներում վերականգնել և ցուցադրել է Գոհար Գասպարյանի օպերային զգեստները, արխիվային լուսանկարներ և ազդագրեր։ Թանգարանային ցուցադրությանը նպատակ ունի ներկայացել Գոհար Գասպարյանին ոչ միայն որպես համաշխարհային մեծ հռչակ ունեցող երգչուհի, նաև որպես մեծ հայրենասեր ու մեծ մտավորական, ով՝ «ուշաթափվում է հայ լինելու երջանկությունից», կամ՝ «ամենասքանչելի տեսարանն իր համար հյուրախաղերից հետո տուն վերադառնալն ու Մեծ ու Փոքր Մասիսիներին նայելն» է։
Գոհար Գասպարյանը, թեև աշխարհի տարբեր երկրներում ապրելու հնարավորություն ունեցել է, բայց մշտապես վերադարձել է Հայաստան. «Հողը հայրենիք է դառնում, երբ ապրում ես այնտեղ»։
Աշխատասիրության շնորհիվ աշխարհի լավագույն բեմերը նվաճած երգչուհին վստահ է եղել՝ «արվեսագետն անառիկ է պահում երկրի հոգևոր սահմանները»։
Թանգարանային ցուցադրությանը հաջորդել է Գոհար Գասպարյանի կատարողական ծրագրով, տեսապրոյեկցիոն լուծումներով և երաժշտագիտական մեկնաբանություններով համակցված համերգային ծրագիր։ Ընտրված էր բացառապես հայկական ծրագիր, քանի որ Գոհար Գասպարյանի փափագն է եղել՝ «փափագս է հայ երիտասարդը հայկական երաժշտությունը սիրի, տարածի, հանդիաատեսն էլ շատ սիրի», ուր էլ գնացել է՝ տարել է իր հետ հայկական երգը։
Համերգին մասնակցել են ՀՀ վաստակավոր արտիստ՝ Գևորգ Հակոբյանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս), ՀՀ վաստակավոր արտիստ Քրիստինե Սահակյանը (մեցցո-սոպրանո), Աննա Այվազյանը (սոպրանո), Սոֆյա Սայադյանը (սոպրանո), Հովհաննես Անդրեասյանը (տենոր)։
Միջոցառմանը ներկա կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանն ասաց, որ Գոհար Գասպարյանը հայ ազգի հպարտությունն է։
Մշակութային ծրագրի շրջանակներում հանդիսատեսի դատին հանձնվեց նաև Գոհար Գասպարյանի ստեղծագործական կյանքի և գործունեության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ։
Նախագիծն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի և Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցությամբ։
Գոհար Գասպարյանը ծնվել է 1924 թ.-ին Եգիպտոսում: Սովորել է Կահիրեի երաժշտական ակադեմիայում՝ ուսանելով եվրոպացի վարպետների մոտ:
1940 թ.-ից՝ դեռևս Կոնսերվատորիայում ուսանելու տարիներին, ելույթներ է ունեցել Կահիրեում։ Երգել է Եգիպտոսի ռադիոյում՝ որպես մեներգչուհի։ 1948 թ.-ին հրավեր է ստացել Միլանի Լա Սկալա օպերային թատրոնից, սակայն նախընտրել է հայրենադարձվել Հայաստան:
Հայաստանում նվագախմբի հետ Գոհար Գասպարյանի առաջին համերգը կայացել է 1949 թ.-ի հուլիսի 11-ին Հայաստանի սիմֆոնիկ, այժմ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ՝ Սուրեն Չարեքյանի ղեկավարությամբ: Երգել է Ռոզինայի արիան Ռոսինիի «Սևիլյան Սափրիչը» օպերայից, Օլիմպիա տիկնիկի արիան Օֆենբախի «Հոֆմանի հեքիաթները» օպերայից, Ալյաբևի «Սոխակը», Մոցարտի «Ալլելուիան»: Այդ համերգից հետո նույն թվականին՝ 25 տարեկանում, դարձել է Հայաստանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի։
Երևանյան թատրոնում նրա առաջին բեմելը նշանավորվել է Լակմեի դերերգով` համանուն օպերայից։ Հանդես է եկել 23 օպերաների գլխավոր դերերում։ Նրա երկացանկում տեղ են գտել ավելի քան 500 ստեղծագործություններ։
Մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Բացառիկ ցուցադրություն և դասական երաժշտության համերգ՝ նվիրված Գոհար Գասպարյանի 100-ամյակին