«Հրապարակ». Իշխանության ներսում բուռն քննարկումներ են ընթանում յուրայինների կոռուպցիոն գործունեության մասին
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մինչ Նիկոլ Փաշինյանը քրեական հետապնդումների է ենթարկում նախկիններին՝ հանրությանը փորձելով ցույց տալ, որ իրենք սուրբ են, իսկ նախկինները՝ թալանչիներ, իշխանության ներսում բուռն քննարկումներ են ընթանում յուրայինների կոռուպցիոն գործունեության մասին։ ՔՊ-ն տևական ժամանակ է՝ քննարկում է ակտիվի վերջին նիստերից մեկի ժամանակ պատգամավոր Արփի Դավոյանի բոցաշունչ ելույթը:
Նա, դիմելով Նիկոլ Փաշինյանին, ասել էր, թե ինչպես պետք է հանրությունը հավատա մեզ, եթե Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի՝ ԱՆԻՖ-ի գործունեությունը նման անփառունակ վախճան ունեցավ, բայց որևէ մեկը չպատժվեց: Փաշինյանից պարզաբանումներ է պահանջել և ասել՝ գոնե թիմի ներսում պիտի իմանան, թե ով է դրա մեղավորը, ով է թերացել։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասել է, որ քննություն է ընթանում, ապա մուննաթ է եկել՝ իսկ ո՞վ է ասում, որ ոչ մեկը չի պատժվելու:
Դավոյանը հիշեցրել է, որ շուրջ մեկ տարի է՝ քննություն է ընթանում, եթե ընդդիմադիր լինեին, վաղուց դատած կլինեիք։ Հիշեցնենք, որ Դավոյանն ինչ-որ պահից սևեռվել է Տիգրան Ավինյանի վրա և ԱՆԻՖ-ի թեման էլ դրա համար է բարձրացնում․ 2019-2023 թթ․ Ավինյանն էր ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահը։ Մեկ տարի առաջ ՊՎԾ-ն հայտարարեց, որ պետական միջոցներ են վատնվել, ապա ֆոնդը լուծարվեց, ծրագրերը փակվեցին, և ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնվեց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի