Պատերազմից հետո որոշեցի չգրել, ինձ գտա նկարելու մեջ․ արցախցի Սրբուհի Վանյան
Սրբուհի Վանյանի ընտանիքը Արցախից Հայաստան տեղահանված ընտանիքներից է։ Արցախում նա զբաղվել է լրագրությամբ, իսկ, արդեն գալով Երևան, հիմել է փոքրիկ ընտանեկան բիզնես, որն ավելի շատ համարում են արվեստ, քան ՝ գումար վաստակելու միջոց։
««Մին թաքուն տեղ»-ը ծնվել է Արցախում 2022թ․-ին, սակայն որպես բիզնես-գաղափար կյանք է ստացել Երևանում»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է Սրբուհի Վանյանը՝ ընդգծելով, որ գաղափարի հիմքում արվեստն է։
«Պատերազմի ընթացքում սկսեցի նկարել, երբ եկանք Երևան, ինձ առաջարկեցին այդ նկարներով գործ սկսել։ 2020թ․-ի պատերազմից հետո ծանր հիասթափության փուլ էր իմ կյանքում։ Երկար տարիներ զբաղվում էի լրագրությամբ, սակայն որոշեցի այլևս չգրել, հեռանալ մասնագիտությունիցս։ Իմ հոգեվիճակի միակ փրկությունը գտնում էի նկարելու մեջ և հենց այդ ժամանակ ես իմ մեջ բացահայտեցի նկարելու ձիրքը։ Նկարում էի ինքս ինձ համար՝ հաճույք ստանալով այդ պրոցեսից»,- պատմեց Վանյանը։
Արցախցին նշեց, որ բիզնեսով զբաղվելու միտք ունեցել է դեռևս Արցախում, երբ 2019թ․-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ «Կոնիֆա Արցախ» միջոցառումը։ Բիզնեսի գաղափարն այլ էր և կապված էր այլ վայրի հետ։
«Հյուրատնային ոլորտում մեծ բաց կար, քանի որ զբոսաշրջիկների մեծ հոսք կար դեպի Արցախ։ Այդ ժամանակ որոշեցինք՝ մեր փոքրիկ տարածքը վերածել հյուրատան։ Հենց այդ հյուրատունը պետք է կոչվեր «Մին թաքուն տեղ»։ Մենք ցանկաում էինք հյուրերին ցույց տալ Արցախի տեղը, որը մի թաքուն և չբացահայտված տեղ էր։ Փորձում էինք մեր ընտանիքի և հյուրատան օրինակով Արցախն աշխարհին ցույց տալ։ Ցավոք, 2020թ․-ի պատերազմը խանգարեց այդ ծրագրին, բայց «Մին թաքուն տեղ»-ի երազանքը դեռևս կա»,- ասաց Վանյանն ու հավելեց․
«Ես ապրում էի Ստեփանակերտի ծայրամասում։ Ունեինք փոքրիկ բակ, որտեղ սիրում էինք ընկերներով հավաքվել։ Քանի որ մի քիչ դժվարությամբ էինք հասնում՝ ճանապարհների անբարեկարգ լինելու պատճառով, ընկերներս այն կոչեցին մի թաքուն տեղ և այդ բնորոշումը վերագրվում էր ինձ։ Ստեփանակերտում ինձ ճանաչում էին որպես մի թաքուն տեղում ապրող Սրբուհի»։
«Մին թաքուն տեղ»-ը Վանյանի համար հիշողություն է, հին ու նոր կենսագրության էջ։ Ստեղծագործել Արցախում և ստեղծագործել Երևանում ,բնականաբար, Վանյանի համար տարբեր է։ Նրա խոսքով՝ տրամադրությունների փոփոխություն կա։
«Արցախում ամեն ինչ ուրիշ էր, մենք էլ էինք ուրիշ։ Կարոտով ենք հիշում ամեն ինչը։ Այստեղ ստիպված ենք ամեն ինչ փոխել՝ մի քիչ կիսատ ենք ապրում։ Բացի դրանից, այստեղ ժամանակը չի բավարարում զուտ նկարելու համար, քաղաքի ռիթմն այլ է և ստիպված ենք լինում սոցիալական խնդիրները լուծելու համար մի քանի տեղ աշխատել, որպեսզի հասցնենք հոգալ ընտանիքի կարիքները։ Դժվարություններ բնականաբար կան, բայց ես չեմ սիրում դրանցից խոսել։ Ամեն դեպքում հեշտ չէ, երբ տասնամյակներ շարունակ ստեղծել ես, հասել սոցիալական կայունության, բայց հետո հասուն տարիքում կորցնում ես ամեն ինչ և սկսում նորից՝ այլ միջավայրում, այլ տրամադրվածությամբ։ Համեմատելով հայրենակիցների վիճակի հետ, որոնք բռնատեղահանվել են Արցախից, կորցրել հարազատներ և ծանր հոգեբանական վիճակում են տեղափոխել ՀՀ, ես գերադասում եմ շեշտը չդնել իմ հոգեբանական կամ սոցիալական վիճակի վրա , փորձում ենք մեր ուժերի ներածին չափով մեր խնդիրները լուծել ինքնուրույն»,- ասաց մեր զրուցակիցը։
Նշենք, որ «Մին թաքուն տեղ»-ի ապրանքները՝ պայուսակներ, բարձի երեսներ, շարֆեր, սփռոցներ և այլ ապրանքներ, որոնք զարդարված են Վանյանի նկարներով, ներկայացված են սոցիալական ցանցերում։ Ինչպես նշում է հեղինակը, հիմնականում հատով են վաճառում, մեծ ծավալներ չկան, թեև հետաքրքրությունը ապրանքանիշի հանդեպ գնալով աճում է։ Արդեն որոշ քանակ հնարավոր է եղել արտահանել ԱՄՆ, Վիեննա։
«Կամաց-կամաց շուկայում կլսեն մեր մասին և կգնահատեն այս սիրողական արվետը, որն ավելի շատ օգտագործվում է տեքստիլի վրա»,- եզրափակեց Սրբուհի Վանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի