Բյուջեն դատա՞րկ է. Դպրոցներից պահանջել են ուսուցիչների պարգևավճարների գումարները փոխանցել բյուջե
Այս տարի ուսուցիչներին, դպրոցի այլ աշխատակիցներին տարեվերջյան պարգևավճարներ չեն տրամադրվի։ Այս մասին Panorama.am-ին պատմեցին խմբագրություն զանգահարած երկու քաղաքացիներ, որոնք աշխատում են մայրաքաղաքի տարբեր դպրոցներում։
Նրանք ցանկացան անանուն մնալ։ Ինչպես պատմեց տղամարդ աշխատակիցը, չնայած դպրոցը, որտեղ աշխատում է ինքը, ունի կուտակած խնայողություններ, սակայն ԿԳՄՍ նախարարությունից պահանջել են կոմունալ ծախսերը վճարելուց հետո ավելացած գումարը վերադարձնել պետական բյուջե։
«Ուրեմն ես ամբողջ օրը կեսօրվա ժամերին բարձրանում եմ, արևկող դասարաններում հատ-հատ լույսերն անջատում եմ, որ գումար խնայենք, տարվա վերջ էլ 13-րդ աշխատավարձ կամ պրեմիա ստանանք։ Հիմա ասում են՝ չեք ստանալու։ Մեր աշխատավարձն էլ, գիտեք, մի քանի հարյուր հազար դրամ չի, կոնկրետ ես ստանում եմ 145 հազար դրամ»,-դժգոհեց խմբագրություն զանգահարած քաղաքացին։
Պատճառների մասին աշխատակիցները չգիտեն, ենթադրում են, բյուջեն դատարկ է, փող չկա։
Խմբագրություն զանգահարած մեկ այլ դպրոցի աշխատակիցն էլ հույս ունի, որ Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ խնդրին, իսկ ԿԳՄՍ նախարարն ինքնագլուխ է նման որոշում կայացրել։
«Դպրոցների տնօրենները ցանկանում են վճարել այդ գումարները, սակայն նախարարը, չգիտես ինչի, հետ է պահանջել։ Ասել են՝ այս ամսվա կոմունալները վճարեք, մնացորդը հետ ուղարկեք»,-մանրամասնեց մյուս քաղաքացին։
Արդյոք ԿԳՄՍ նախարարությունը պահանջե՞լ է դպրոցներից գումարները, եթե այո, ինչո՞ւ։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար Panorama.am-ը զանգահարեց նախարարության խոսնակ Նելլի Վահանյանին։ Վերջինը խնդրեց հարցերը գրավոր ուղարկել։
Panorama.am-ն այս հրապարակման հղումը կուղարկի նախարարության պաշտոնական էլ. փոստին՝ ակնկալելով նախարարության արձագանքն ու պարզաբանումը։
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի