Իրական դիվերսանտներին բռնեք, որոնք օրական ՀՀ են մտնում․ «Հյուսիսային տերևաթափի» գործով վկա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Հյուսիսային տերևաթափի» գործով դատական նիստը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ գործով մեղադրյալի կարգավիճակում են 5 քաղաքացի՝ Վազգեն Ոսկանյանը, Սերգեյ Մկրտչյանը, Աշոտ Մարգարյանը, Էդգար Ծատինյանը, Կարեն Սիմոնյանը։ Նրանք, ըստ մեղադրանքի, ունենալով հակաիշխանական հայացքներ և համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած արտաքին և ներքին քաղաքականության հետ, 2023 թվականին նախնական համաձայնությամբ, կատարել են ահաբեկչության, ինչպես նաև՝ ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու, փոխադրելու, պահելու և կրելու նախապատրաստություն, իսկ այդ ահաբեկչական գործողությունն անվանել են «Հյուսիսային տերևաթափ»։
Նախորդ դատական նիստում հետազոտվել են գործում առկա գրավոր, ապա՝ իրեղեն ապացույցները, այդ թվում՝ հայտնաբերված հրացան, որը պաշտպանության կողմի գնահատմամբ՝ օրինական է։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանում այսօր հարցաքննվել է վկա, հետախույզ, զենքի արտադրությամբ զբաղվող Դավիթ Գրիգորյանը, որը պատմեց, որ մեղադրյալներից Սերգեյ Մկրտչյանին ճանաչում է 1991թ․ վերջինս դեռ նախկին իշխանությունների օրոք է 13 տարի «նստել»՝ հենց այնպես, ապա, վկան, դիմելով դատախազին, ասաց՝ «Ձեր ընկերները շուտ-շուտ գալիս են են, հրթիռներ եմ արտադրում», ապա՝ զգուշացրեց՝ այն, ինչ այսօր կատավարվում է Սիրիայում, լինելու է նաև այստեղ։ Պատասխանելով հանրային մեղադրող Գորիկ Հովակիմյանի հարցին՝ վկան նշեց, որ իրեն քննիչն ասել է, թե ինչում է մեղադրվում Սերգեյ Մկրտչյանը, ձայնագրություն միացրել՝ իր և Մկրտչյանի միջև, ինքը յուրաքանչյուրին օգնում է՝ բոլոր միջոցներով, բոլոր նրանց, որոնք թուրք են խփում։ Հարցին՝ Սերգեյ Մկրտչյանն իրենից հրթիռներ ցանկացե՞լ է ձեռք բերել, վկան պատասխանեց՝ «Ռացիա է ուզել, ասել եմ՝ չեմ տա: Խանութում 50 000 դրամով վաճառում են, ի՞նչը տամ»: Հարցին՝ հնարավո՞ր է իր ռացիաներով պայթյուն իրականացնել, վկան պատասխանեց՝ եթե իր ռացիայից մեկի մոտ կհայտնաբերեն, որի «ցիրկուլյարը» կհամապատասխանի, թող այդ ժամանակ հարցնեն, «փորձաքննող պահեք, թող ասեն»: Պաշտպանության կողմի հարցադրումներին ի պատասխան վկա Գրիգորյանը նշեց, որ Սերգեյ Մկրտչյանին վերջին անգամ տեսել է այգում, որևէ ահաբեկչության մասին խոսակցություն չի եղել։ Վկան նաև ընդգծեց՝ իրական դիվերսանտներին բռնեք, որոնք օրական ՀՀ են մտնում։
«Իմ կյանքում երկրորդ անգամ եմ վկա կանգնում։ Առաջին անգամ էլ է եղել՝ իմ մարտական ընկերներից, ուզել են, որ այդ մարդիկ չգնան իրենց հայրենիքը պաշտպանեն։ Առաջինը կռվի ժամանակ ԱԱԾ պետ է եղել, երկրորդը՝ Սերգեյն է։ Պետությունը ցանկանում է մեկուսացնել այն մարդկանց, որոնք կարող են զենքով հարց լուծել»,- ընդգծեց վկան։
Դատարանում հաջորդիվ հրապարակվեց վկայի նախաքննական ցուցմունքը, որում դատարանը հակասություն չտեսավ։
Հաջորդիվ դատարանում հարցաքննվեց վկա Գրիգոր Պողոսյանը, որը ոչ մեկին չի ճանաչում, ինչպես նաև՝ տեղեկություն չուներ մեղսագրվող արարքից։
Նիստի ավարտից հետո պաշտպան Զորայր Հարությունյանը լրագրողների հետ զրույցում մանրամասնեց, որ ԱԱԾ-ն գաղտնալսել է Սերգեյ Մկրտչյանի և վկայի խոսակցությունը, որն Արցախը բլոկադայից հանելու մասին էր, սակայն դատախազությունն այժմ փորձում է ներկայացնել այնպես, թե իբրև ապօրինի զենք են փորձել ձեռք բերել, որ այդ զենքը փորձում են օգտագործել ոչ թե թշնամու դեմ, այլ՝ երկրի ներսում։