Հայաստանում նոր նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կրճատել աշխատաժամանակի տևողությունը՝ դարձնելով օրական 8-ից 7 ժամ, շաբաթական՝ 40-ից 35՝ պահպանելով աշխատավարձը։
Նախագիծը e-draft.am կայքում դրված է քննարկման։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է. «8-ժամյա աշխատանքային օրվա անցումը եղել է դեռևս 19-րդ դարի կեսերին՝ աշխատանքային շարժման պահանջով։
Օրական 8-ժամյա աշխատանքի մոդելի ներդրումից հետո տեղի ունեցած տեխնոլոգիական փոփոխությունները նպաստել են բազմաթիվ գործընթացների ավտոմատացման։ Այս գործընթացները հաշվի առնելով՝ տարբեր երկրներում (օրինակ, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեդիա, Բելգիա, Ավստրիա, Նորվեգիա, Իսլանդիա) արդեն իսկ ներդրվել է աշխատաժամանակի ճկուն ռեժիմ՝ կրճատելով աշխատաժամանակը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հրապարակել է ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ երկար աշխատանքային ժամերը կապված են հոգեկան ու ֆիզիկական առողջության հետ, կարող են առաջացնել սրտանոթային հիվանդություններ, խթանել դեպրեսիան ու սթրեսը
Ըստ տնտեսագիտական հետազոտությունների, աշխատանքային ժամերի կրճատումը կարող է բարձրացնել աշխատանքի արտադրողականությունը՝ աշխատողների ավելի արդյունավետ աշխատանքի միջոցով։ Այն նաև կարող է ստեղծել նոր աշխատատեղեր՝ որպես ընդհանուր տնտեսական միտում»։
Նախագիծը մշակողները գտնում են, որ այն կնպաստի աշխատանքի և անձնական կյանքի միջև ժամանակի և ռեսուրսների արդյունավետ բաշխմանը.
«Այսինքն՝ կստեղծվի հնարավորություն՝
. հանգստի ժամանակի ավելացման,
.ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու,
. սթրեսի, լարվածության և գերհոգնածության նվազեցման,
. անձնական խնդիրների լիարժեք լուծման,
. ինքնազարգացման համար հատկացվող ժամանակի ավելացման,
. կյանքի բոլոր ոլորտներում հավասար ներգրավվածության.
. Կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը.
. Կհանգեցնի արտադրողականության աճի.
. Կբալանսավորի աշխատանքի և հանգստի հարաբերակցությունը.
. Կհանգեցնի կյանքի որակի բարձրացմանը.
. Կնպաստի նոր աշխատատեղերի ավելացմանը թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում»։
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան