Արարատում 13-ամյա դպրոցականը դանակահարել է 14-ամյա տղային
Դեկտեմբերի 20-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արարատ քաղաքի Ժորես Մկրտչյանի անվան 1-ին հիմնական դպրոցի հետնամասում վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գրիգոր Քոչարյանի գլխավորությամբ:Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային քրեական վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանի գլխավորությամբ:
Մինչ ոստիկանները կժամանեին դեպքի վայր, «Արարատ» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվում ոստիկանության Արարատի բաժին, որ «ձախ անոթային շրջանի կտրած-պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզում են, որ վիրավորը Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ 14-ամյա տղա է:
Կարճ ժամանակ անց հիվանդանոցից հերթական ահազանգն է ստացվում, որ վիրավորը «կրծքավանդակի ձախ կեսի միջին անոթային գծով 4-րդ և 5-րդ միջկողային տարածորդային կտրած-ծակած վերք թափանցող հարցականով» ախտորոշմամ է ընդունվել իրենց մոտ:
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, հսկայածավալ օպերատիվ հետախուզական և քննչական աշխատանքների արդյունքում պարզել են, որ ժամը 17:30-ի սահմաններում նշված դպրոցի հետնամասում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 14-ամյա տղային դանակահարել է Արարատի մարզի բնակիչ 13-ամյա տղան:
Ոստիկանների և քննիչների բացաատրական աշխատանքի արդյունքում երեխան ծնողների ուղեկցությամբ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ նրան ներկայացրել են Վեդիի քննչական բաժին: Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը: Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան