Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է. «Հրապարակ»
Վախթանգ Սիրադեղյանը «Հրապարակ»-ում գրում է.
«Ժամանակին շուրջ 10 տարի զբաղվել եմ լրագրությամբ, հետո անցել այլ աշխատանքի, արցախյան երկրորդ պատերազմից հետո հրապարակախոսական հոդվածներով հանդես եմ գալիս «Հրապարակ»-ում, սակայն ինձ երբեք թույլ չեմ տվել անհարգալից վերաբերմունք դրսևորել նույնիսկ իշխանամերձ լրատվականների նկատմամբ, չնայած նրանց հանդեպ ունեցածս բացասական վերաբերմունքին, որովհետև հարգանք ունեմ բավական դժվար այս մասնագիտության տեր անձանց նկատմամբ:
Երևում է, որ ողջ գիտակից կյանքը որպես լրագրող աշխատած տիկինը (խոսքը վարչապետի աթոռից կառչած անձի կնոջ՝ Հակոբյան Աննայի մասին է) չունի այդ գիտակցությունը: Ինչպես, ի դեպ, չունի նաև իր ամուսինը, որն աշխատանքային գործունեությունը սկսել է որպես լրագրող:
Ակնհայտ է, որ ամուսինների մոտ դա հոգեբանական երևույթ է և վկայում է տարիների սեփական աշխատանքի նկատմամբ հարգանքի իսպառ բացակայության մասին: Այն էլ՝ այնպիսի բնագավառի, որը, իմ կարծիքով, ավելի առաջավոր բնագիծ է, քան մյուս աշխատանքային ոլորտները: Այս նախաբանի պատճառը Panorama.am-ի լրագրողական հարցմանը «Իմ քայլը» հիմնադրամից տրված ցինիկ պատասխանն է: Իսկ կայքը հետաքրքրվել էր, թե վարչապետի կնոջ և դստեր` Իտալիա կատարած այցի վրա որքան գումար է ծախսվել, ինչքան մարդ է ուղեկցել նրանց: Վարչապետի աշխատակազմն առաջարկել է հարցապնդումը վերահասցեագրել «Իմ քայլը» հիմնադրամին: Հիմնադրամից էլ առաջարկել են մասնակցել իրենց վերապատրաստման դասընթացներին, որպեսզի իմանան, թե որ կառույցին ինչ հարց կարելի է ուղղել:
Փորձեմ մի կարճ դասընթաց անցկացնել վարչապետի և հիմնադրամի աշխատակազմերի համար: Նախ, անվտանգության աշխատակիցների հարցը վերաբերում է վարչապետի աշխատակազմին և ոչ թե հիմնադրամին, որովհետև ՊՊԾ աշխատակիցները, որոնք ուղեկցում են վարչապետին ու նրա ընտանիքի անդամներին, ստանում են պետական աշխատավարձ, ենթարկվում են ուղիղ վարչապետին: Ինչ վերաբերում է Հիմնադրամի ընթացիկ ծախսերի հրապարակայնացմանը, ապա դա կարգավորվում է «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով, ըստ որի՝ այդ կառույցները տարին մեկ անգամ հրապարակում են իրենց գործունեության հաշվետվությունը, այդ թվում՝ ֆինանսական: Բայց «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում այդ օրենքում 2018-ից հետո մի աննշան փոփոխություն են արել, որով թույլատրել են հիմնադրամներին թաքցնել իրենց ֆինանսական եկամուտները և նվազեցրել են թափանցիկությունը:
Բայց դա իշխող կուսակցության կողմից ստեղծված կառույց է, ղեկավարվում է վարչապետի կնոջ կողմից և նվիրատվություններ է ստանում, որոնք չէր ստանա, եթե այդ հանգամանքները բացակայեին: Ուստի հայաստանյան հանրությունն իրավունք ունի շատ ավելին իմանալ այդ հիմնադրամի գործունեության մասին, քան պահանջվում է համապատասխան օրենքով: Եվ այդ առումով էլ հիմնադրամի ղեկավարությունը ոչ թե պետք է իրեն ուսուցչի տեղ դներ, այլ ըստ էության պատասխաներ լրատվականի հարցին: Եվ ողջ կյանքը լրագրող աշխատած տիկինը պետք է այս տարրական բաները հասկանար: Panorama.am-ին առաջարկում եմ քարոզարշավ սկսել՝ հիմնադրամի ընթացիկ ծախսերը թափանցիկ դարձնելու պահանջով»։
Հարակից հրապարակումներ`
- Կասկած չունենք՝ «Իմ քայլ»-ի կողմից Panorama.am-ին տրված պատասխանի բովանդակության հեղինակն անձամբ Աննա Հակոբյանն է. ՀԺՄ
- Շուշան Դոյդոյան. «Իմ քայլը» հիմնադրամի պահվածքն անընդունելի է