Խզմալյանը՝ Փաշինյանին. Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ
«Եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանին դուր չի եկել Նիկոլ Փաշինյանի՝ աշխատանք գտնվելու վերաբերյալ քաղաքացուն տված պատասխանը։ Փաշինյանն այն հրապարակել է նաև ֆեյսբուքյան իր էջում.
«Կարդացի Նիկոլ Փաշինյանի այս գրառումը և վերջապես հասկացա, թե ինչու եմ ես տարիներ շարունակ գործազուրկ եղել իմ Հայրենիքում։ Ահա՛ ինչու պարբերաբար, դեռևս 2004-ին, 2009-ին, 2016-ին, ինձ հեռացնում էին սկզբից կինոստուդիայից, ապա պետական համալսարանից, հետո մեկ այլ համալսարանից։ Վարչապետը վերջապես բացատրեց։ և մի կարևոր բան էլ ակնարկեց նախկին ու ներկա Հայաստանի մասին՝ բացի «ճիշտ տեղում և ճիշտ պահին հայտնվելու», նա հավելեց «սեփական ծառայությունները ճիշտ ձևով առաջարկելը»։ Ահա թե որտեղ է շան գլուխը՝ «ճիշտ ձևով առաջարկելու» մեջ… Ես սա լսել եմ ե՜ւ ԼՏՊ-ի, ե՜ւ ՌՔ-ի, ե՜ւ ՍՍ-ի օրոք՝ «պարոն Խզմալյան, Դուք փայլուն մասնագետ եք (քաղաքական վերլուծաբան, ստուդիայի տնօրեն, կինոբեմադրող, դասախոս, թարգմանիչ), բայց դե հասկանում եք, չէ՞…»
Չէ, չեմ հասկանում։ և չեմ ընդունում ո՜չ նախկին, ո՜չ ներկա «ծառայությունները ճիշտ առաջարկելու ձևերը»։ Սա հերթական շատ անհաջող ու շատ անզգույշ արտահայտություն է ՀՀ վարչապետի կողմից։ Աշխատավայրը միշտ չէ, որ զվարճանքի ու վայելքի տեղ է, որտեղ խրախուսվում է «ճիշտ ձևով» ծառայություններ մատուցելը։ Պետությունը ռեստորան կամ հանգստավայր չէ։ Պետության համար միակ «ճիշտ ձևը» ճշնարտությունն է՝ պատմական, քաղաքական, տնտեսական, վիճակագրական։ Իսկ դա ոչ միշտ է հաճելի, հարմար և աչք ու ականջ շոյող։ Սովորաբար այն դառն է, ինչպես ցանկացած դեղը։ Բայց շաքարը շատ ավելի վտանգավոր է մարդու և պետության առողջության համար։ Ե՞րբ է Հայաստանում գալու ճշմարտությունը «ճիշտ ձևով, ճիշտ տեղում և ճիշտ պահին ներկայացնելու» ժամանակը։ Եթե սպասենք՝ երբեք։ Այդ ժամանակը, պահը, տեղը և ձևը մենք պետք է ստեղծենք, ինքներս, հենց այսօրվանից, հենց այստեղ, Հայաստանում։ Այլապես վաղը մենք էլ ո՛չ տեղ, ո՛չ պահ, ոչ էլ Հայաստան չե՛նք ունենա։
Հ.Գ. Հիշու՞մ եք, պարոն վարչապետ, երեք տարի առաջ, 2021 թ. դեկտեմբերի 25-ին, «Գողացված դարը» վավերագրական ֆիլմս արտախորհրդարանական ձևաչափի մասնակիցների հետ դիտելուց հետո, Դուք ասացիք ինձ՝ «Հիմա ես հասկանում եմ, թե ինչու են ձեր ֆիլմերն արգելված եղել, պարոն Խզմալյան։ Այս մեկն էլ ես եմ ստիպված արգելելու»։
Փաստորեն, 2024-ի դեկտեմբերին է՞լ Հայաստանում ճշմարտության մասիմ մեր պատկերացումներն այդքա՜ն տարբեր են»,-գրել է Խզմալյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան