«Փաստ». Իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի
«Փաստ» թերթը գրում է.
«Տարիներ շարունակ Փաշինյանն անընդհատ խոսում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու մասին, բայց միակ բարեփոխումը, եթե կարելի է, իհարկե, այդպես անվանել, որը եղել է պաշտպանունակության բարձրացման անվան տակ, եռամսյա հավաքներն են, սակայն այն պրոֆեսիոնալ բանակի հետ ընդհանրապես կապ չունի։
Հիմա արդեն Փաշինյանը հայտարարում է, թե բանակը պետք է տեղավորվի խաղաղության օրակարգի մեջ, և պարզ է դառնում, թե ինչ նկատի ունեն իշխանությունները՝ պրոֆեսիոնալ բանակ ասելով։ Այն է՝ ընդամենն ունենալ սահմանապահ զորքեր, ուրիշ ոչինչ, իսկ դա այն է, ինչ Ադրբեջանն է պահանջում։ Եվ մեկ անգամ չէ, որ Բաքվից հայտարարություններ են հնչել Հայաստանի բանակը սահմանափակելու։ Փաստորեն, փաշինյանական «խաղաղության օրակարգը» Հայաստանը տանելու է հերթական կապիտուլյացիայի, երբ պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու անվան տակ պետությունն ապառազմականացվելու է։ Թերևս այս տրամաբանության ներքո կարելի է դիտարկել նաև Փաշինյանի մյուս հայտարարությունը, թե սայլակին նստած մարդուն էլ կարելի է տանել բանակ։
Պարզ է, որ եթե հայտարարությունը վերաբերեր իրական պրոֆեսիոնալ բանակին, ապա լուրջ առողջական խնդիրներով մարդկանց զորակոչելու մասին խոսք անգամ չէր կարող լինել։ Բազմաթիվ երկրների փորձը ցույց է տալիս, որ պրոֆեսիոնալ զինծառայողների ընտրությունն անցկացվում է խիստ հոգեբանական, ֆիզիկական և տեխնիկական չափորոշիչներով։ Մյուս կողմից էլ՝ նկատի է առնվում բարձր կրթական ցենզը տեխնոլոգիական ոլորտում՝ հաշվի առնելով, որ ժամանակակից պրոֆեսիոնալ բանակները մեծապես ապավինում են տեխնոլոգիաներին (դրոններ, կիբերանվտանգություն, արհեստական բանականություն)։
Ռազմական ոլորտը խաղուպար չէ, որ փողոցներով քայլողներին ու սոցցանցերում ժամանակ անցկացնող «ստատուսչիներին» նշանակեն բարձր պաշտոնների, որոնք կսկսեն նույնիսկ անվտանգության ոլորտը համակարգել։
Մեր իրականության մեջ ստացվում է, որ իշխանությունները նպատակ ունեն բանակը վերածել ընդամենն օֆիսային ու գրասենյակային աշխատանքի։ Եվ սա բանակի ողնաշարը ջարդելու հերթական քայլն է այն պայմաններում, երբ Ադրբեջանի նախագահի կողմից շարունակում են սպառնալիքներ ու հոխորտանքներ հնչել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը նոր մեքենաներ է ձեռք բերում ՆԳՆ-ի համար
- «Հրապարակ». Ամեն տարի բանակում աճում են թմրանյութերի շրջանառության դեպքեր
- «Հրապարակ». Աղազարյանի փաստաբանը պատրաստվում է հաղորդում ներկայացնել դատախազություն
- «Ժողովուրդ». Ինչու է չեղարկվել ԱԺ արտահերթ նիստը
Լրահոս
Տեսանյութեր
Մինչև 16 տարեկան երեխաները գտնվում են սեռական անձեռնմխելիության վիճակում. Դավիթ Թումասյան