Լուռ տառապողները՝ կանայք հանքարդյունաբերության ոլորտում
Լոռու մարզի Մեծ Այրում, Շնող, Ախթալա և Թեղուտ համայքներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ կանանց շրջանում տագնապալի են վերարտադրողականությանն առնչվող խնդիրները։
«Ուսումնասիրությանը մասնակցել է 50 կին, որոնք հիմնական խնդիրներից առանձնացրել են վերարտադրողական առողջությանը վերաբերող հարցերը՝ պտղի զարգացումից մինչև երեխայի ծնունդ, այնուհետև երեխայի զարգացում։ Տեղի կանայք, երբ հղիանում են,»իրենք բժշկին չեն հարցնում սեռը, հարցնում են՝ արդյո՞ք երեխան առողջ է»։ Բացի այս, պոչամբարի մոտ գտնվող բնակավայրերում առավել արտահայտված են սիրտ-անոթային հիվանդություններն ու քաղցկեղի դեպքերը։ Կանայք անընդհատ նշում էին, որ դեպքերն ավելացել են, նույնիսկ՝ երեխաների մոտ»,- ասաց «Հաջողակ կին» երիտասարդական ՀԿ ղեկավար Հռիփսիմե Քոչարյանը։
Թե ինչու են որպես թիրախային խումբ դիտարկել կանանց, Քոչարյանը պատասխանեց․«Կանանց օրգանիզմը շատ ավելի խոցելի է նախ իր կառուցվածքի և առանձնահատկությունների պատճառով»։
«Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի նախագահ Թեհմինե Ենոքյանն էլ հավելեց, որ տարիներ շարունակ բարձրաձայնվել են ազդակիր բնակավայրերի բնակիչների առողջապահական հարցերի և բացերի մասին, սակայն որևէ լուծում չի տրվում։
«Չկան ստանդարտներ, որոնցով պետք է առողջապահական ոլորտում ստուգումներ անցկացնեն, այսպես ասած՝ սքրինինգ։ Այս հետազոտությունը չի իրականացվում՝ հասկանալու համար,թե մեր երկրի բնակչության քանի տոկոսն է հիվանդ և որտեղ են դրա պատճառները։ Այսինքն՝ պատճառահետևանքային կապը գտնել։ Տարիներն անցնում են, խնդիրները՝ խորանում, բայց պետական մարմնի կողմից չեմ տեսնում այդ պատասխանատվությունը»,- ասաց Ենոքյանը։
Նա նշեց, որ շատ դեպքերում հղիությունը նախընտրում են այլ վայրում անցկացնել։ Հետազոտողները նաև նկատեցին, որ առողջապահական խնդիրներն էլ ավելի են սրվում առողջապահական ենթակառուցվածների և ծառայությունների էական բացերի պատճառով։ Կան բնակավայրեր, որտեղ չկան նույնիսկ բազային բժշկական պայմաններ, օրինակ՝ Մեծ Այրումում։
Ուսումնասիրությանը մասնակից կանայք նաև մասնակցել են առաջարկությունների կազմման աշխատանքներին, որոնք կներկայացնեն պատասխանատու մարմիններին։
«Նախարարություններին, վերահսկող կառույցներին, ՏԻՄ-երին կուղարկվեն հետազոտության արդյունքներն ու առաջարկությունները։ Պատասխանատու օղակները ռազմավարություն մշակելիս պետք է հաշվի առնեն գենդերազգայուն խնդիրները և իրենց լիազորությունների սահմաններում, փորձեն լուծումներ տալ։ Օրինակ՝ մշակել և իրականացնել կանխարգելիչ առողջապահական ծրագրեր՝ հատուկ ուշադրություն դարձնելով վերարտադրողական առողջությանը»,- ասաց Քոչարյանը։
Նշենք, որ Հայաստանում գրանցված է 900 հանք, որոնցից 45-ը՝ մետաղական։ Դրանց մեծամասնությունը գտնվում է ՀՀ Լոռու և Սյունիքի մարզերում։ Համաձայն վիճակագրական տվյալների՝ 12 հազար աշխատակցից ընդմենը 800 կին է աշխատում հանքարդյունաբերության ոլորտում։