Կեցցե՜ ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները․ Հայկ Դեմոյան
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը գրում է․
«ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ, ԿԵՑՑԵ
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը ոգևորված է իր օգտին կայացրած դատավճռի կապակցությամբ ու կեցցեներ է ձոնել ՀՀ արդարադատությանը: Դե երևի այսօրվա իմ գրառումը համակարգային կոռուպցիայի հետ կապված չի հասցրել կարդալ: Ոչինչ, ներելի է:
Ասեմ Ձեզ, շատ հետաքրքիր է… Ա. Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում հայ մարզիկների մկանուտ ու քրտնած մարմինները գովազդելոց զատ, մեկ մեկ էլ նյութեր է դնում հայաստանյան քաղաքական անցուդարձերի վերաբերյալ, մոռանալով, որ դրսում 2018 թվականը չի ու շինծու հեղափոխական տեքստերն ու ոգևորություններն այսօր ոչ մեկին չի հետաքրքրում: Ճիշտ հակառակը, օրեցօր քպական խարդախությունների դիմաց հաշիվ պահանջողների քանակը շեշտակի ավելանում է:
Հիմա հարց.
Այդ նույն Արայիկ Հարությունյա՞նն էր չէ, որ 2020 թ. մայիսին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերից լիքը բան է անհայտացել: Հետո պատգամավոր Աննա Կոստանյանը գրավոր հարցում ուղղեց իրեն, որ գա Ազգային ժողով ու հաստատի կամ հերքի իր ասածները: Ինչպես գիտենք, Արայիկ Հարությունյանն այդպես էլ չհերքեց իր ասածը, ոչ էլ հաստատեց հնարավոր հանցագործության դրվագները:
Մեկ տարի անց, ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի նախաձեռնությամբ, 2021 թ. դեկտեմբերին հարուցվում է քրեական գործ` հափշտակությունների դրվագով: Նախաքննության ժամանակ ծանուցագիր ստանալով ներկայացա քննչական մարմիններին ու Հ. Մարությանի ներկայացրած իբր կորած իրերի ցուցակին ծանոթանալով, ցուցմունք տվեցի, որ գործ ունենք կեղծ տվյալների հետ, որը քրեորեն հետապնդելի արարք է: Տվեցի գրավոր ցուցմունք: Օրեր անց, երբ իմ նախաձեռնությամբ նոր ցուցմունքներ էի տալիս, խնդրեցի ցույց տալ Մարությանի ներկայացրած ցուցակը, որին ի պատասխան ավագ քննիչ Լուսինե Հայկյանը հայտարարեց, թե իմ այդ գրավոր ցուցմունքը կորել է: Ֆեյսբուքյան իմ էջում այդ խայտառակ դրվագի մասին հիշատակելուց հետո, քննիչը գրավոր ծանուցեց ինձ, որ հրաշքով հայտնաբերել է իմ ցուցմունքները:
Հիմա գալով Արայիկ Հարությունյանին, պետք է ասեմ, որ Հարություն Մարությանի նախաձեռնությամբ հարուցված այդ քրեական գործի շրջանակում իմ ցուցմունքներում Արայիկ Հարությունյանին և Հովհաննես Հովհաննիսյանին մեղադրել եմ թանգարանին նյութական վնաս հասցնելու, նշել եմ Արայիկ Հարությունյանի հովանավորյալ անձի կողմից քրեորեն պատժելի արարքներ թույլ տալու մասին` նախաքննությանը տրամադրելով մինչ օրս չհրապարակված տեսանյութեր: Հովանավորյալի անձն ու տեսագրություններն անպայմանորեն կհրապարակվեն շատ շուտով: Նույն այդ գործի շրջանակում Արայիկ Հարությունյանի կուսակցական գործընկերները կասկածվում են Հայոց ցեղասպանության թանգարանից արժեքավոր գրքեր գողանալու համար: Խոսքը Արարատ Միրզոյանի ու Վլադիմիր Վարդանյանի մասին է:
Հետաքննությունը վարող քննիչին տեղեկացրել եմ նաև, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անվան տակ իրականացվել է փողերի լվացման գործողություն և որ այդ մասին տեղյակ եմ պահել ԱՄՆ դեսպանությանը: Արայիկ Հարությունյանը պետք է իմանա նաև, որ իրենց իշխանության գալուց 10 օր անց «Հայաստան» համահայկական հիմնադրամից անհայտացել է խոշոր գումար, որը, ըստ ամենայնի, կանխիկացվել ու դուրս է բերվել Հայաստանից: Այդ ընթացքում, ոչնչացվել է նաև իմ ստորագրությամբ երկու շատ կարևոր ֆինանսական փաստաթղթեր:
Վերոնշյալ բոլոր քրեորեն պատժելի գործողությունների դրվագները կոծկվում են հենց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամներ հանդիսացող Արայիկ Հարությունյանի ու Վլադիմիր Վարդանյանի կողմից:
Հիմա պա՞րզ է, թե ինչու քրեական գործը չի տեղափոխվում դատաքննության փուլ: Որովհետև Հարություն Մարությանի թեթև ձեռքով առնվազն 5 քպական ու երկու համակիր մեղադրվելու են քրեորեն պատժելի արարքներ թույլ տալու համար:
Դե իսկ հիմա իմ հերթն է գոռալ` կեցցե ընտրովի արդարադատությունն ու հանցանքներ կոծկող ու հանցակից պաշտոնյաները:
Գրառմանս ինֆորմացիոն-բարոյական հովանավորն է ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի անդամ Եղիշե Կիրակոսյանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան