09:06 25/12/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Հասմիկ Հակոբյանը, մինչև պատգամավոր դառնալը, եղել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը փոխել է խորհրդարանում իր՝ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը՝ այնտեղից գնալով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով։ ՔՊ-ում սա հերթական անգամ խոսակցությունների նոր առիթ է տվել, թե իրականում ինչու է Հասմիկ Հակոբյանը փոխել հանձնաժողովը:

«Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ականներից մի քանիսը պատմեցին, որ խմբակցության ղեկավարության ու ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մոտ ՔՊ-ականները հարց են բարձրացրել՝ ինչպես է ստացվում, որ իրենց գործուղումների հերթ չի հասնում, բայց կան արտոնյալներ, որոնք աչք չեն բացում գործուղումներից, իսկ այդ արտոնյալներից մեկն էլ, ՔՊ-ականները պնդել են, որ հենց Հասմիկ Հակոբյանն է։ Պատճառն այն է, որ Հասմիկ Հակոբյանը, երբեմն չարաշահելով իր և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտերմությունը, օգտագործելով նաև ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանի հետ հարաբերությունները, առաջինն է տեղեկանում ԱԺ ուղարկվող հրավերների մասին, հետո որոշում՝ որ ձևաչափին է ցանկանում մասնակցել, և ինչպես որոշում է, այդպես էլ լինում է: Դրա համար էլ նա է ամենահաճախը գործուղումների մեկնում, ինչը ակնհայտորեն խանդի տեսարաններ է սարքել ՔՊ խմբակցությունում, որտեղից էլ բողոքները հասել են «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն:

Հասմիկ Հակոբյանն էլ իր մտերիմների շրջապատում անկեղծացել է՝ որպեսզի թիմում խոսակցությունները հանդարտվեն, և լեգալ բացատրություն լինի, պետք է փոխել հանձնաժողովը: Քանի որ, աշխատանքի բնույթով պայմանավորված, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամներն ավելի հաճախ են գործուղումների մեկնում, այս հանձնաժողովի անդամ լինելը լավ պատրվակ է, որպեսզի գործուղումների նպատակն արդարացվի։

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը հաստատեց, որ փոխել է հանձնաժողովը, իսկ առաջարկն արել է խմբակցության ղեկավարությունը և ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը.

«Ես 2021 թվականին հաստատվել եմ որպես ՀՀ պատվիրակության անդամ Inter-Parliamentary Union-ում: Այդ պատվիրակությունն ունի 8 անդամ Հայաստանի խորհրդարանում, որոնցից մեկը ես եմ: Սեպտեմբերին այդ կառույցի երիտասարդական համաժողովը Հայաստանում եղավ, իմ գործուղումների մեծ մասը, 2021 թվականից սկսած, հենց այս միջազգային կառույցի անդամ լինելով է պայմանավորված. լինում են լիագումար նիստեր, հանձնաժողովի նիստեր, որոնցից մեկի փոխնախագահն եմ նաև։

Այսինքն՝ իմ գործունեության մաս է կազմում այս կառույցի աշխատանքներին մասնակցելը, և իմ գործուղումների մեծ մասն էլ սրանով է պայմանավորված. ուստի եթե կա առավելություն մյուս պատգամավորների համեմատությամբ, սրանով է պայմանավորված: Ինձանից ավելի հաճախ գործուղվող պատգամավորներ էլ կան՝ կախված միջազգային կազմակերպություններում իրենց ակտիվությունից:

Դա պատգամավորի գործունեության մաս է, ոչ թե վոյաժ՝ ինչպես պատկերացնում են։ Ի դեպ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդգրկելու առաջարկն արել են հանձնաժողովի նախագահը և մեր խմբակցության ղեկավարությունը»:

Իսկ թե իր որ հնարավորությունները, մտավոր կարողություններն են նպաստել քաղաքական նման որոշման կայացմանը, պատգամավորը չբացատրեց:

Հիշեցնենք, որ Հասմիկ Հակոբյանը, մինչև պատգամավոր դառնալը, եղել է հայտնի «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի ադմինիստրատիվ աշխատակից, հետո Ալեն Սիմոնյանի ղեկավարած «Արարատնյուզ» կայքում է աշխատել և արտաքին հարաբերությունների հետ որևէ առնչություն չի ունեցել»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}