Պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության, անցել են կացնային մեթոդների. Կարեն Ավագյան
Տարվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց թե առաջիկայում էլ հանդես են գալու արտոնությունների չեղարկման առաջարկներով։ Հիշեցնենք, որ անցնող տարում կառավարությունը երկու նման նախաձեռնությամբ էր հանդես եկել, երկուսն էլ վերաբերում էին փոքր ու միջին բիզնեսին(ՓՄՁ), ինչը ենթադրում է վերջիններիս հարկային բեռի էական ավելացում։ Ինչ վիճակում են գտնվում Հայաստանի ՓՄՁ-ները և նոր հարկային փոփոխությունները ինչի կհանգեցնեն։ Վերոնշյալ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ՓՄՁ ասոցիացիայի Գյումրու մասնաճյուղի տնօրեն, տնտեսագետ Կարեն Ավագյանի հետ։
Կ. Ավագյան- ՓՄՁ-ներին տված շրջանառության հատուկ ռեժիմն արտոնություն չէ, այն հատուկ ռեժիմ է, որը կա բազմաթիվ երկրներում, ընդհուպ՝ եվրոպական։ Արևելյան երկրներում ավելի շատ է տարածված։ Դուք այսօր նույն Դուբայում կտեսնեք հատուկ ռեժիմում աշխատող շուկաներ։
Բնական է տարբեր հարկային համակարգերի գոյությունը նույն երկրում, որովհետև որոշ ձեռնարկություններ կարող են այդպես լավ աշխատել։ Մյուսները, որոնք ավելորդ աշխատակիցներ չունեն, ի վիճակի չեն այլ մարդկանց ներգրավել, ընտանեկան բիզնեսներ են և այլն, ստիված են իրենց ժամանակը խնայել, թեկուզ որոշակի ծախսեր ավելացնելու գնով։ Նույնիսկ եթե 10%-ով էլ հարկման տակ են մտնում, ապա իրենց ծախսերն էլ և հարկերն էլ ավելի շատ են քան ավելացված արժեքի հարկով հարկվող հիմնարկություններում։ Երկրորդ՝ նրանք իրենց վնասները՝ ապրանքանյութային արժեքների փչացումը, իրականում չեն կարող ցույց տալ և դուրս գրել, այն, ինչը հնարավոր է ավելացված արժեքի հարկման դաշտում։
Այսինքը՝ այդ ամեն ինչն արտոնություն դիտարկելը սխալ է, այն հատուկ հարկման համակարգ է, որը նպաստում է ՓՄՁ-ների գոյությանը։
Ներկայում մենք ունենք շատ չնչին քանակությամբ ՓՄՁ՝ թեկուզ բնակչության հարաբերակցությամբ։ Օրինակ, մեր հարևան Վրաստանից մենք մոտ 5 անգամ քիչ ՓՄՁ ունենք, բայց բնակչության թվի տարբերությունը շատ քիչ է։ Ինչն է դրա պատճառը, պարզ է որ հարկային վարչարարության մեջ է խնդիրը, ոչ թե այն, թե իբր բնակչությունը նախաձեռնող չէ։
Panorama.am- ՓՄՁ-երը Հայաստանում աշխատատեղեր ապահովողներ են, ինչպե՞ս կգնահատեք կառավարության գործողությունները նրանց հանդեպ։
Կ. Ավագյան-ՓՄՁ-ների շրջանառությունը փոքր է, բայց օրինակ 2018 թ-ին Հայստանում կար մոտ 70 հազար ՓՄՁ,ներկայում, եթե չեմ սխալվում 50 հազարից մի փոքր ավել են։ Հարցը զբաղվածների քանակը չէ, այլ այն, որ այդ մարդկանց այլ զբաղվածություն չի առաջարկվում, իրենք աշխատանք ստեղծող մարդիկ են, նրանց մի մասն ինքնազբաղ են։ Եթե հիշում եք, նախորդ տարիներին ինքնազբաղ մարդկանց էլ քաշեցինք հարկային դաշտ, գրանցեցինք։ Ընտանեկան ձռնարկությունները վերաձևակերպեցին միկրոձեռնարկատերերի՝ մինչև 10 անձի աշխատանքի հնարավորությամբ, արտոնյալ հարկային ռեժիմով։ Այն իրոք արտոնյալ էր, որովհետև միկրոձեռնարկատիրությունը արտոնյալ էր։
Բայց այդ ամեն ինչը տարածել ՓՄՁ-ների վրա, սխալ էր, որովհետև շրջանառության հարկն արտոնյալ հարկ չէ, ընդամենը օգնում է, որ ՓՄՁ-ները սկզմնական շրջանում տեղավորվեն, կամ եթե պարզեցված վերարտադրությունն իրենց բավարարում է, այդ դեպքում իրենց ավելի ձեռնտու է, պարզեցված՝ շրջանառության հարկով աշխատել։
Տնտեսության զարգացման մեջ երկու մոտիվ կա, կա ընդլյանված վերարտադրություն, երբ կապիտալ ներդրողը ձգտում է անընդհատ ընդարձակել իր բիզնեսը։ Կա նաև պարզեցված վերարտադրությունը։ Այսինքը՝ մարդը մի փոքր արտադրամաս է ստեղծում իր տանը կից, կամ վաճառակետ է ստեղծում, որպեսզի իր ուսանողի ծախսերը հոգա, մյուսները՝ իրեն երեխաներին կրկնուսույցների մոտ ուղարկի, որ լավ ԲՈւՀ կարողանան ընդունվեն։ Ինքը չի ձգտում հարստանալ, այլ ձգտում է որոշակի ծախսեր փոխհատուցել՝ ավել աշխատելու միջոցով, լրացուցիչ գործ է դնում, այսինքը հիմնական աշխատանքից հետո է այդ արտադրամասում աշխատում։
Այդ հանգամանքները պետք է հաշվի ատնեն, երբ ասում են արտոնյալ հարկային համակարգ։ ՓՄՁ-ների հարկային համակարգն արտոնյալ չէ։
Panorama.am-Ֆինանսների նախարարի ակնարկած արտոնությունների վերացման նախաձեռնությունը ո՞ր տնտեսվարողներին կվնասի։
Կ. Ավագյան-Նման նախաձեռնություններով միկրոձեռնարկատիրությանն են խփում։ Երկրորդ՝ ստիպում են որ ՓՄՁ-ն իր շրջանառությունը վերանայի և փորձի թեկուզ 10% հարկման տակ մնա, բայց թղթաբանության հետևից չվազի։ Ստացվում է որ ՓՄՁ-ն ավելի շատ հարկ է վճարելու։ Ինչո՞ւ ՓՄՁ-ն կգերադասի 10 % հարկման տակ մտնել, որպեսզի փաստաթաղթային խառնաշփոթը, որը կարող է իր մոտ առաջանալ զբաղվածության պատճառով՝ իր վրա տուգանքի ձևով նոր պրոբլեմներ չգան։ Այսօր տուգանքներն ահավոր են, բացի պարտադիր վարչական տուգանքից, որ ՀԴՄ-ի և այլ խախտումների համար է նշանակվում, դրվում է նաև տուգանք շրջանառության որոշակի տոկոսի չափով, որը տարվա մասշտաբով իրենից բավականին մեծ գումար է ներկայացնում։
Այս ամենից բացի, օրինակ կոնկրետ Գյումրիում հարկային քաղաքականության մեջ նկատվում է որոշակի միտում, երբ տուգանում են նաև նախկին տարիների համար։ Այսինքը, հաշվարկվում են նախկին տարիների շրջանառությունը և դրա նկատմամբ ևս որոշակի տուգանքներ են կիրառում կոնկերտ փաստաթղթերի բացակայության պատճառով։ Ասենք՝ գյուղացին չի տրամադրել կանաչեղենի համար փաստաթուղթ, կամ դրանք եղել են, բայց կորել են։ Սոխի, մաղադանոսի համար գյուղացին չի կարող ամեն օր գնալ գյուղապետարան խնդրել, որ փաստաթուղթ տան, որ արտադրանքը նորմալ է։
Նույնը նաև կաթնամթերքի խնդիրն է՝ մթերումների պահով։ Եթե նույնիսկ մթերումներ են անում, նրանք 10 օրը մեկ անգամ պետք է փաստաթուղթ ներկայացնեն, որ իրենց կաթնամթերքն առողջ է, որպեսզի մթերվի, բայց Սննդի անվտանգության տեսչական մարմինը 10 անգամ այդ տեղեկանքը չի տալիս մարդկանց, այլ՝ տարին երկու անգամ։
Բազմաթիվ կարգավորումների խնդիր կա, որոնք բաց թողնելով անցել են կացնային մեթոդների։
Բոլորին քշում են մեկ սանրի տակ՝ փորձելով վարչարարությունը բարելավել, բայց իրականում ոչ թե պետք է հարկերի կազմման վարչարարությունը ավելացնել, վերահսկողությունը փոքրի վրա ավելացնել, այլ ընդամենը 4-5 սահմանային կետ վերահսկել, եթե իրոք ուզում են խոշորին վերահսկել, ինչը որպես պատճառաբանություն են բերում։
Այսինքը փոքրին վերահսկելով՝ մտցնելով ընդհանուր հարկման դաշտ, իրենք իբր պետք է վերահսկեն խոշորին։ Այն ծիծաղելի պատճառաբանություն է։ Այդ ամեն ինչը կարելի է անել սահմանային կետերում վերահսկելով, խոշորին իր արտադրամասում, պահեստներում վերահսկելով և այլն։
Panorama.am-Հարկային խստացումները չե/ն բերի ստվերի ավելացման
Կ. Ավագյան-Իհարկե վարքագծային կանոնների փոփոխություն կլինի դրանից հետո, որովհետև։ Մարդիկ կարող են խուսափել հարկային դաշտում գրանցվելուց, կամ փակեն ընկերությունները և փորձեն ստվերային դաշտում աշխատել ։Այս դեպքում պետությունն ավտոմատ կերպով դրդում է հանցագործության։ Իրենց սիրելի բնորոշումներից մեկը, ըստ որի՝ հարկեր չվճարողը, կամ հարկերից խուսափողը հանցագործ է։ Հիմա իրենք են դրան դրդում։ Այսինքը, մադն ուզում է հարկեր վճարել, բայց այն դեպքում, եթե հասկանա թե ինչպես է այն վճարելու։ Ասում են՝ թող հաշվապահ վարձեն, 5-10 հազար դրամ վճարեն, իրենց ամբողջ հարցերն անի։ Բայց որակյալ հաշվապահներն ամբողջ օրը զբաղված են, հնարավոր է ՓՄՁ-ն ամբողջ օրը զանգահարի, բայց երեկոյան նոր հաշվապահն իրեն պատասխանի։ Խնդիրն այն է, որ արհեստականորեն բարդացնում են ՓՄՁ-ի աշխատանքը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան