09:20 26/12/2024 Հայաստան

«Ժողովուրդ». Ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ալեն Սիմոնյանն իր վարորդին օգնական-խորհրդական է դարձրել, կնոջ հետ ԱՄՆ ուղարկել։ Շարունակելով այդ թեմայի ուսումնասիրությունը՝ «Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմել էր Ազգային ժողովի նախագահին հասկանալու համար, թե ինչպես է ստացվել, որ վարորդը դարձել է խորհրդական և ինչ խորհուրդներ է տալիս Ալեն Սիմոնյանին։

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին հղել ենք հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ ԱԺ-ից, կարծես, փորձել են թաքցնել որոշ տվյալներ։

Անցած ամսվա ավարտին Ձեր տիկնոջ հետ Ամերիկայի Միացյալ Նահանգներ է մեկնել Ազգային ժողովի աշխատակազմում Ձեր կողմից «խորհրդատու-օգնական» ձևակերպված Համլետ Գևորգյանը։

Խնդրում եմ հնարավորինս սեղմ ժամկետում պատասխանել պարոն Գևորգյանի վերաբերյալ ստորև շարադրված հարցերին:

1. Ո՞ր երկրի քաղաքացի է Համլետ Գևորգյանը:
2. Աշխատանքային ինչպիսի՞ գրաֆիկով է աշխատում (խնդրում եմ նշել աշխատանքի հաստիքով պայմանավորված հաճախելիության ժամանակացույցը):
3. Ի՞նչ հաստիքով է նա աշխատում և ե՞րբ է այդ հաստիքը ձևակերպվել:
4. Որքա՞ն աշխատավարձ է ստանում:
5. Ի՞նչ գործառույթ է իրականացնում:
6. Ի՞նչ կրթություն ունի, ե՞րբ է ավարտել բարձրագույն ուսումնական հաստատությունն ու ստացել ավարտական դիպլոմ և ի՞նչ մասնագիտությամբ:
7. Ի՞նչ մեքենա է վարում:
8. Արդյոք Ազգային ժողովում նրան ծառայողական ավտոմեքենա տրամադրվե՞լ է, թե՞ ոչ:
9. Արդյոք ճշմարտությանը համապատասխանո՞ւմ է այն տեղեկությունը, որ Համլետ Գևորգյանին սպասարկող մեքենան օպերատիվ պետհամարանիշերով է:
10. ԱԺ նախագահի խորհրդատու-օգնականի հաստիքում, իր աշխատանքից բացի, որևէ այլ գործունեությամբ զբաղվո՞ւմ է, թե՞ ոչ, մասնավորապես համերգների կազմակերպում, աշխատանք ձեռնարկատիրական գործունեության ոլորտում:
11. Քանի՞ օրով է Համլետ Գևորգյանը արձակուրդ վերցրել և մեկնել ԱՄՆ:

Թվարկված 11 հարցերին ի պատասխան ստացել ենք մի խղճուկ ձևակերպում, թե «Համլետ Գևորգյանը 2021 թվականի օգոստոսի 3-ից մինչ օրս աշխատում է ՀՀ Ազգային ժողովի նախագահի գրասենյակում` որպես խորհրդատու-օգնական՝ աշխատաժամանակի նորմալ տևողությամբ։

Հավելենք նաև, որ Համլետ Գևորգյանի զբաղեցրած հաստիքը ձևակերպվել է 2021 թվականի հուլիսի 30-ին՝ ԱԺ նախագահի՝ 30.07. 2021 թվականի Կ-98-Ա կանոնադրության համաձայն։

Համլետ Գևորգյանը կատարում է ԱԺ նախագահի հանձնարարությունները։

Նշենք, որ Համլետ Գևորգյանին ԱԺ ծառայողական մեքենա տրամադրված չէ։

Տեղեկացնում ենք, որ Համլետ Գևորգյանին արձակուրդ տրամադրվել է 2024 թվականի նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 12-ը՝ 14 աշխատանքային օր», – ասված է «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան։

Հարկ է նշել, որ պատասխանը թերի է, քանի որ ԱԺ-ից խուսափել են պատասխանել, թե օրինակ ինչ կրթություն ունի Համլետ Գևորգյանը, ստացել է արդյոք բարձրագույն կրթություն, թե ոչ։

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ նախագահ Ալեն Սիմոնյանը պետական ու սեփական միջոցները խառնել է իրար. նա իր խորհրդական-օգնականին կնոջ հետ ԱՄՆ է ուղարկել: Մարիամ Մարգարյանը ԱՄՆ-ից լուսանկարներ էր հրապարակել սոցցանցի իր էջում, որտեղ ԱԺ նախագահի խորհրդական-օգնական Համլետ Գևորգյանի, երգիչ Էրիկ Կարապետյանի և նրա կնոջ՝ Սվետլանա Իշխանյանի հետ է։ Գաղտնիք չէ, որ Մարիամ Մարգարյանը և Էրիկ Կարապետյանը համագործակցում են։ Կարապետյանի երևանյան վերջին համերգը կազմակերպել էր Մարիամ Մարգարյանի «ԷՖԷՄԷՖ գրուպ» ընկերությունը, որը հիմնադրվել է 2019 թվականին:
Կրկին նկատենք, որ Ալեն Սիմոնյանի օգնական-խորհրդականը, որը պետբյուջեից բավականին բարձր աշխատավարձ է ստանում, ԱԺ նախագահին օգնելու և խորհուրդներ տալու համար, փաստացի ծառայություններ է մատուցում նրա տիկնոջը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}