Երթևեկության կազմակերպման փոփոխություններ Երևանում և մարզերում. ՆԳՆ-ն մանրամասներ է հրապարակում
Ներքին գործերի նախարարությունը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ դեկտեմբերի 19-ից իրականացրել է երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Մ4 (Երևան-Սևան) միջպետական ավտոճանապարհի պարեկային ծառայության անշարժ հենակետի հարակից հատվածում։
ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչության փոխանցմամբ, նշված հատվածում հետադարձը փակվել է, որի փոխարեն վարորդները կարող են օգտագործել Պտղնու տրանսպորտային հանգույցը։
«Նախկինում եթե վարորդը ցանկանում էր նշված հատվածում հետադարձ կատարել, առնվազն 15-20 րոպե էր պետք, ներկայումս նշված մանևրը կատարելու համար պահանջվում է 1,5-2 րոպե»,-ներկայացնում է ՀՈԳՎ վարչական գործունեության և բողոքների քննության վարչության ավագ տեսուչ, ոստիկանության փոխգնդապետ Հրանտ Ավետիսյանը:
Վարորդներին առաջարկվող հետադարձի նոր ուղղության նպատակը տվյալ հատվածում առավել հարմարավետ երթևեկության կազմակերպումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխումն է։ Սա թույլ կտա նաև խուսափել ճանապարհի բեռնվածությունից։
Նախքան փոփոխության կիրառումը՝ ուսումնասիրությունների ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել նաև հետիոտների հարմարավետությանն ու անվտանգությանը։ Հենց այդ նպատակով էլ արդեն իսկ տեղադրված հետիոտնային կանչով լուսացույցերը պահպանվել են։ Միայն այս տարի Մ4 միջպետական ավտոճանապարհի նշված հատվածում հետադարձի ժամանակ տեղի է ունեցել 15 պատահար, այդ թվում՝ մարմնական վնասվածքով։
Այս տարի ՆԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ՝ երթևեկության կազմակերպման մի շարք փոփոխություններ են տեղի ունեցել նաև մայրաքաղաքում։
Մասնավորապես՝ լուսացույցերով են կահավորվել Նալբանդյան-Իսահակյան, Աբովյան-Իսահակյան փողոցների խաչմերուկները։
Միակողմանի երթևեկության են անցել Մոսկովյան փողոցը՝ Մոսկովյան-Մաշտոցի պողոտա խաչմերուկից մինչև Մոսկովյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկ, ինչպես նաև Ավետիք Իսահակյան փողոցը՝ Նալբանդյան փողոցից մինչև Բաղրամյան պողոտա։
Փոփոխություններ են կատարվել նաև Գրիգոր Լուսավորիչ– Ագաթանգեղոսի փողոցներ-Արշակունյաց պողոտա խաչմերուկում։
Տրանսպորտային միջոցների թողունակությունն ավելացնելու նպատակով մասնավորապես Ագաթանգեղոսի փողոցի կողմից արգելվել է հետադարձը,ավելացվել է ևս մեկ գոտի՝ դեպի աջ։ Նույն խաչմերուկում Գրիգոր Լուսավորչի փողոցի կողմից ավելացել է ևս մեկ գոտի դեպի Ագաթանգեղոսի փողոց իսկ աջ՝ դեպի Արշակունյաց պողոտա թույլատրվում է երթևեկել միայն 1-ին գոտուց։
Արգիշտի-Գրիգոր Լուսավորիչ փողոցների խաչմերուկում հետիոտային անցումը տեղափոխվել է Մյասնիկյանի արձանի հարակից հատված։
Փոփոխություն է կատարվել նաև Հաղթանակի կամուրջ-Աթենքի փողոց-Իսակովի պողոտա խաչմերուկում։
Հաղթանակի կամրջի կողմից առանձնացվել է ևս մեկ գոտի Աթենքի փողոցի ուղղությամբ, իսկ մյուս 2 գոտին՝ դեպի Իսակովի պողոտա։
Լուսացույցերով են կահավորվել նաև Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան, Բագրևանդի-Թևոսյան, Գարեգին Հովսեփյան-Դավիթ Բեկի, ինչպես նաև Եղբայրության-Մանթաշյան խաչմերուկներում։
Նախկինում չկարգավորվող հետիոտնային անցմանը Առնո Բաբաջանյան փողոցում փոխարինել է հետիոտնային կանչի ռեժիմով լուսացույց։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան