09:26 26/12/2024 Հայաստան

«Ժողովուրդ». 36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«36 կգ ոսկու և 293 միլիոն ՌԴ ռուբլու անհետացման գործով կալանավորվածներին բանտերից չեն կարողանում բերել դատարան։ «Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է դատարաններից ահազանգեր ստանալ այն մասին, որ ոստիկանության ուղեկցող խմբերը չեն բերում կալանավորներին՝ պատճառաբանելով, թե կալանավորների թիվն այնքան է շատացել, որ ոստիկանների ուղեկցող խմբերը չունեն այդքան աշխատակից, որ կարողանա ապահովել բոլոր կալանավորների ուղեկցումը։

ՆԳ նորանշանակ նախարար Արփինե Սարգսյանը, համակարգում կադրային ջարդից բացի, դեռ իրավիճակային հանգուցալուծման ուղղությամբ էական քայլեր չի ձեռնարկել և նախկինում ինչ խնդիրներ կային շարունակում են պահպանվել ու խորանալ:

Ի դեպ, առաջիկայում լրանում են այս գործով կալանավորված անձանց խափանման միջոցի ժամկետները, և, ըստ էության, նախաքննական մարմինը կա՛մ պետք է դիմի կալանավորվածների ժամկետը երկարաձգելու հարցով, կա՛մ, միգուցե, նրանցից ոմանք հայտնվեն ազատության մեջ։

Եվ ստացվում է, որ աղմկահարույց դեպքից անցել է 8 ամիս, բայց հիմնական դերակատարները չկան, բացահայտված չեն, իսկ կալանավորված կարևոր խմբի մասնակիցը ցուցմունք չի տալիս, գողոնի մեծ մասն էլ չկա ու չկա։

Եվ մինչ իրավապահները 8 ամիս է նրանց են փնտրում, ենթադրյալ հանցագործները վայելում են ձեռք բերածը 36 կգ ոսկին։

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահների տեսադաշտում է հայտնվել մի դատավոր. մասնավորապես, քրեական գործի շրջանակում ՀՀ քննչական կոմիտեն վկայի կարգավիճակում հարցաքննել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։
Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնապես հայտնել էր, որ ապրիլի 10-ին «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են «Հունդայի Սոնատա» մակնիշի ավտոմեքենային, և ժամը 07:15-ից մինչև 07:20-ն ընկած ժամանակահատվածում Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մայրաքաղաքային փողոցի դիմաց արհեստական խոչընդոտ ստեղծելով՝ մեքենայի դիմացի աջ դռան պատուհանից, զենքի գործադրման սպառնալիքով, կանգնեցրել են նշված ավտոմեքենան:

Կանգնեցնելուց հետո՝ ենթադրյալ հանցագործությունը կատարած անձինք, ԱԱԾ աշխատակիցների համազգեստին նմանվող համազգեստով և դիմակավորված, դուրս գալով ավտոմեքենայից՝ ներկայացել են իբրև ՀՀ ԱԱԾ աշխատակիցներ և ավտոմեքենայում գտնվող 3 անձի նկատմամբ զենքի կիրառումով բռնություն գործադրելով՝ նրանց դուրս են բերել ավտոմեքենայից. թմրամիջոց ու այլ արգելված իրեր փնտրելու և նրանց ձերբակալելու պատրվակով՝ ձեռքներին անցկացրել են ձեռնաշղթաներ, ապա ավտոմեքենայից հափշտակելով առանձնապես խոշոր չափի՝ 36 կգ քաշով 999 հարգի ոսկյա ձուլակտորները և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի պարունակությամբ պայուսակները, հիշյալ անձանց նկատմամբ բռնություն գործադրելով՝ նստեցրել են նույն ավտոմեքենան, դիմացի դռնից արցունքաբեր գազ փչելով ավտոմեքենայի մեջ՝ «Պորշ» մակնիշի ավտոմեքենայով դիմել են փախուստի:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ Ա․Ս․–ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 319-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 252-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 456-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Քրեական վարույթի շրջանակում քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր 12 անձի նկատմամբ, որոնցից 5–ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը, 3-ի նկատմամբ՝ այլ խափանման միջոցներ, 4 անձի ձերբակալելու որոշում է կայացվել, և ոստիկանությանը տրվել է նրանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու հանձնարարություն։

Ի դեպ, գրել էինք, որ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաև «օրենքով գողի» փեսան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}