Կսկսենք ելույթավճարներով շահագրգռել մեր արտիստներին, քանի որ աշխատավարձերը շատ ցածր են. Արմեն Սարգսյան
«Հայկական ժողովրդական արվեստը դառնում է էլ ավելի մրցունակ։ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի հիմնախնդիրներից է եղել հայկական մշակույթի միջազգայնացումը և հասել ենք այդ նպատակին»,- ասուլիսում ասաց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Լուսինե Մելքոնյանը։
Նա հայտնեց, որ կենտրոնի անսամբլները հյուրախաղերով հանդես են եկել Հայաստանում ու Հայաստանից դուրս։
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 14-ին կառավարության որոշմամբ «Ալթունյան», «Բարեկաություն» և Պարի պետական անսամբլների վերակազմակերպման արդյունքում ստեղծվել է Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն։
«Ստեղծման հիմնական ու կարևոր նպատակն է բարելավել հայկական արվեստը ներկայացնող վաստակաշատ անսամբլների աշխատանքային պայմանները, տրամադրել գործունեությունն իրականացնելու համար սեփական տարածք, որը երբեք չի ունեցել որևէ անսամբլ, կենտրոնի միջոցով իրականացնել արդյունավետ կառավարում»,- ասաց Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Սարգսյանը։
Նա նշեց, որ հիմնադրման օրվանից կենտրոնի առջև ծառացել են բազմաթիվ խնդիրներ. «Առաջնային խնդիրը տարածքի, բեմի բացակայությունն է եղել։ Կառավարության այսօրվա նիստում որոշում է ընդունվելու մեզ շենք տրամադրելու մասին»։
Արմեն Սարգսյանի խոսքով, հնարավոր է 2025-ին կամ 2026-ին ներդրվի ելույթավճարների համակարգը. «Բարդ է։ Արդեն կսկսենք ելույթավճարներով շահագրգռել մեր արտիստներին, քանի որ աշխատավարձերը շատ ցածր է»։