ԱՄՆ-ը ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Բիձինա Իվանիշվիլիի դեմ՝ արգելափակելով 2 մլրդ դոլարը
Ամերիկայի Միացյալ Նահանգները ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ, երկրի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլիի դեմ։ «Գրուզիա օնլայնը» հայտնում է, որ այդ որոշումը հրապարակվել է ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքում։
Նրա անունը հայտնվել է OFAC-ի (Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակ) ցուցակում Թբիլիսիի ժամանակով ժամը 20:00-ին:
Ըստ OFAC-ի ցուցակի՝ Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցները Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների փաթեթի մաս են կազմում։
«Վրացական երազանքի» առաջնորդները հայտարարել են, որ Իվանիշվիլին ֆինանսական շանտաժի պատճառով խուսափում է «Գլոբալ պատերազմի կուսակցության» ազդեցության տակ գտնվող ամերիկացի քաղաքական գործիչների և բյուրոկրատների հետ հանդիպումներից։ Կուսակցությունը «ոչ ֆորմալ պատժամիջոցներ» է համարել Իվանիշվիլիի՝ Credit Suisse բանկում 2 միլիարդ դոլարի արգելափակումը:
Այս տարվա հոկտեմբերին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իվանիշվիլին հայտարարեց Սինգապուրում դատավարության դրական արդյունքի մասին, որից հետո, միլիարդատիրոջ խոսքերով, վերացվել են արևմտյան քաղաքական գործիչների հետ իր հանդիպումների խոչընդոտները։ Այդ ժամանակվանից նա, մասնավորապես, հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։
Հայտնի չէ, թե միլիարդատիրոջ կարողության որ մասն է դեռ գտնվում Արևմուտքում։ Նախկինում հաղորդվում էր, որ, օրինակ, նա իրեն պատկանող արվեստի գործեր է տեղափոխել Լոնդոնից և Նյու Յորքից։
Ըստ Bloomberg-ի՝ Իվանիշվիլիի կարողությունը վերջին մեկ տարվա ընթացքում աճել է 1 մլրդ դոլարով և կազմում է 7,6 մլրդ դոլար։
Հարակից հրապարակումներ`
- Զուրաբիշվիլին 7 օր ժամանակ է տվել Վրաստանի կառավարությանն ու Իվանիշվիլիին
- Մակրոնը զանգահարել է Իվանիշվիլիին
- Իվանիշվիլին վարչապետի թեկնածու է ներկայացրել Իրակլի Կոբախիձեին