Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ երկրորդ տեղը զբաղեցնեի. Դժգոհեց օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Դավթյանը
«Մեր համար տարին լավ էր, բայց կարող էր ավելի լավ լինել, այն առումով, որ մենք դեռ ունենք տեղ՝ նշաձողը բարձրացնելու համար»,-«Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հայտնեց Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի՝ ամփոփելով անցնող տարին։
Նա հայտնեց որ իրենք են իրենց նշաձողը բարձրացնում, նման պահանջ վերևից չկա, քանի որ պայմաններ էլ չկան, բայց կփորձեն ամեն ինչ անել, որ ավելի բարձր արդյուքներ ցույց տան։
«Եթե ինչ-որ բան չստացվեց, ապա այն օլիմպիական խաղերն էր, որ կարող էինք ոսկե մեդալ ձեռք բերել»,-հայտնեց Սերոբյանը՝ նկատելով, որ բոլոր դեպքերում առաջընթաց կար, չունեին օլիմպիական արծաթ։
Նա առանձնացրեց երիտասարդների ձեռքբերումները՝ տեղեկացնելով, որ նժույգթափերի վրա եվրոպայի չեմպիոն և արծաթե մեդալակիրներ ունեցան և հաջորդ տարի այդ երիտասարդները կհամալրեն մեծահասակների հավաքականը՝ խոստանալով որ գալիք տարի ավելի լավ է լինելու։
«Ես էլ, ինչ-որ չափով գոհ եմ իմ արդյունքներից, բայց կարող էր ավելի լավ լինել։ Ես իմ արածն արեցի, դատավորները որոշեցին, որ այդպես պետք է լինի՝ երկրորդ տեղը զբաղեցնեի»,-ասաց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արթուր Դավթյանը։
Նա հայտնեց, որ կպատրաստվի և հաջորդ օլիմպիական խաղերին ավելի կբարդացնեն վարժությունը, որպեսզի դատավորները չկարողանան կողմնապահություն անել,բայց նշեց, թե իր արդյունքն ավելի է բարելավել։
Տեղեկացնելով որ Եվրոպայի առաջնությանը երկրորդ տեղ է գրավել՝ Արթուր Դավթյանն ընդունեց, որ այդ դեպքում վատ է կատարել երկրորդ ցատկը։
Օլիմպիական փոխչեմպիոնը հայտնեց, որ ներկայում բուժվում է և կպատրաստվի հաջորդ տարվա աշխարհի գավաթներին և օլիմպիական վարկանիշային մյուս մրցույթներին։