16:03 27/12/2024 Հայաստան

Տոնական օրերին ճայթուկի օգտագործումը դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը

Մոտենում են Ամանորի տոները և երեխաների սիրելի զբաղմունքներից ու զվարճանքներից մեկը` ճայթուկի օգտագործումը արձակուրդի և տոնական տրամադրության ուղեկցությամբ դառնում է մանկական վնասվածքների հիմնական պատճառներից մեկը: Այս հանգամանքը հաշվի առնելով, ԵՊԲՀ առողջապահական ծրագրերի ազգային գիտահետազոտական «Հերացի» կենտրոնը ևս մեկ անգամ անհրաժեշտ է համարում հիշեցնել ռիսկերը, ներկայացնել արձանագրված դեպքերը և անդրադառնալ գործող օրենսդրական կարգավորումներին.

«Ճայթուկների (պիրոտեխնիկական միջոցների) օգտագործումը տարբեր երկրներում ունի օրենսդրական խիստ կարգավորումներ՝ ելնելով դրանցից բխող վտանգներից։

1. Վտանգները և խնդիրները
Անվտանգության ռիսկեր: Ճայթուկների սխալ օգտագործումը կարող է բերել այրվածքների, վնասվածքների և անգամ մահվան։
Հոգեբանական ազդեցություն: Որոշ դեպքերում դրանք կարող են սթրես առաջացնել մարդկանց և կենդանիների մոտ։
Շրջակա միջավայրի աղտոտում: Այրման արդյունքում արտանետվում են վնասակար նյութեր, նաև կարող է հրդեհների պատճառ դառնալ:

2. Օրենսդրական կարգավորումներ
Պիրոտեխնիկական միջոցների օգտագործումը ՀՀ-ում կարգավորվում է օրենսդրությամբ, բայց մասնավոր անձանց կամ երեխաների կողմից օգտագործումը հաճախ վերահսկողությունից դուրս է։ Քաղաքացիներին թույլատրվում է կիրառել միայն փոքր ուժգնության միջոցներ (օրինակ՝ փոքր ճայթուկներ կամ հրավառություններ)՝ որոշակի պայմաններում։

Եթե ուսումնասիրենք Հայաստանի Հանրապետության կառավարություն 2024 թվականի մայիսի 8-ի N 680-Ն ո ր ո շ ման 81․ կետը՝ «Ազգաբնակչությանը ազատ վաճառվող I-III դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակների օգտագործմամբ, որոնց հետ վարվեցողությունը չի պահանջում հատուկ գիտելիքներ և հմտություններ, հրավառություններ կարող է կազմակերպել 18 տարին լրացած ֆիզիկական անձը, պահպանելով հրագործական արտադրատեսակների հետ ուղեկցվող ըստ նշանակության կիրառման (շահագործման) հրահանգի պահանջների կատարումը, ապահովելով սույն կանոնների 78-րդ կետի, ինչպես նաև սույն կետի 2-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների սահմանած պահանջների կատարումը:

Եվրոպական շատ Երկրներում (օրինակ՝ Գերմանիա, Նիդեռլանդներ) պիրոտեխնիկայի վաճառքն ու օգտագործումը թույլատրվում է միայն հատուկ օրերին՝ հիմնականում Նոր տարվա նախաշեմին։ Անհատները պետք է ստանան հատուկ թույլտվություն, իսկ որոշ նյութեր արգելված են առանց մասնագիտական պատրաստվածության։ Կախված երկրի օրենսդրական կարգավորումներից պահանջները տարբեր են, օրինակ՝ ԱՄՆ նահանգների մի մասում խստիվ արգելված է, իսկ մյուսներում թույլատրվում է միայն թույլ ազդեցության ճայթուկներ։

Չինաստանում, որտեղ պիրոտեխնիկան մշակույթի կարևոր մաս է կազմում, որոշ քաղաքներում արգելվել է աղտոտման մակարդակը վերահսկելու նպատակով, իսկ պիրոտեխնիկայի վաճառքը թույլատրվում է միայն 18 տարին լրացած անձանց։ Շատ կարևոր հանգամանք է օգտագործման վայրը: Շատ երկրներում դրանք թույլատրվում են միայն բաց տարածքներում՝ մարդկանց խիտ կուտակումների բացակայության վայրերում։

Ձեզ ենք ներկայացնում ճայթուկների օգտագործման հետևանքով առաջացող վնասների վերաբերյալ տարբեր երկրների վիճակագրական տվյալները:

Ամեն տարի ԱՄՆ-ում արձանագրվում է ավելի քան 10,000 վնասվածք՝ կապված պիրոտեխնիկայի օգտագործման հետ։ Դրանց 70%-ը տեղի է ունենում հունիսի 20-ից հուլիսի 20-ը, երբ մարդիկ տոնում են Անկախության օրը: Վնասվածքների 66%-ը ազդում է ձեռքերի, մատների վրա, իսկ 15%-ը՝ աչքերի վրա: Մոտ 15% դեպքերում վնասվածքներն առաջանում են երեխաների մոտ (15 տարեկանից փոքր):

Մեծ Բրիտանիա: Ամեն տարի մոտ 4,500-5,000 անձ ստանում է պիրոտեխնիկայից առաջացած վնասվածքներ: Վնասվածքների մեծ մասը տեղի է ունենում տոնական օրերին (Նոր տարի, Գայ Ֆոքսի գիշեր): Վնասվածքների շուրջ 50%-ը գրանցվում է երիտասարդների շրջանում (16-20 տարեկան):

 Հնդկաստան (Դիվալի փառատոն). Ամեն տարի փառատոնների ժամանակ վնասվածքների թիվը հասնում է 10,000-15,000-ի։ Այրվածքների մոտ 60%-ը ազդում է ձեռքերի, դեմքի և աչքերի վրա։

3. Վնասվածքների տեսակները՝
.Այրվածքներ՝ ամենատարածված վնասվածքներն են, հաճախ առաջանում են մաշկի անմիջական շփումից բոցի կամ պայթյունի հետ։
.Աչքերի վնասվածքներ՝ առաջանում է պայթյունի բեկորներից կամ փոշուց։ Կարող է հանգեցնել ժամանակավոր կամ մշտական կուրության:
.Լսողության կորուստ՝ պայթյունի ձայնային ալիքները կարող են վնասել լսողական նյարդերը:
.Տրավմատիկ անդամահատումներ՝ առավել վտանգավոր դեպքերում պայթյունները հանգեցնում են մատների կամ այլ հատվածների անդամահատման:

4. Վնասվածքների վիճակագրություն` ըստ տարիքային խմբերի
30%-40% վնասվածքները դիտվում են մինչև 15 տարեկան երեխաների շրջանում, որոնք հաճախ չեն հասկանում պիրոտեխնիկայի վտանգը։
Հիմնականում 16-25 տարեկան տարիքային խումբն է պատասխանատու վնասվածքների զգալի մասի համար՝ անփորձ և անպատասխանատու օգտագործման պատճառով։

5. Հրդեհների և այլ վնասների վիճակագրություն
ԱՄՆ-ում պիրոտեխնիկայի պատճառով ամեն տարի առաջանում է մոտ 19,000 հրդեհ, որոնցից մի մասը լուրջ վնասներ է հասցնում բնակարաններին և այլ շինություններին:

Տնտեսական կորուստներ:
Հրդեհների հետևանքով հասցված վնասների ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլար։

ՀՀ-ում ճայթուկներից կամ պայթուցիկներից առաջացած վիճակագրական տվյալները հասանելի չեն, սակայն բազում դեպքեր արձանագրվում են տոնական օրերին, հատկապես Նոր տարվա և Սուրբ Ծննդյան շրջանում, ինչը բացի մարդկային վնասվածքներից և կորստից հանգեցնում է հիվանդանոցների դիմելիության աճի, դառնում հրդեհների և նյութական վնասների պատճառ»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}