Վենետիկում, Տոկիոյում, Ստրասբուրգում և Լիոնում Նոր տարվա գիշերն արգելվել է ալկոհոլի օգտագործումն ու հրավառությունը
Ամանորի գիշերը Վենետիկը, Տոկիոն, Ստրասբուրգը և Լիոնը կարգելեն ալկոհոլը: Մի շարք քաղաքներում արգելված են նաև մարդկանց մեծ կուտակումները, հրավառությունը։ Եվրանյուզի հաղորդմամբ, բոլոր դեպքերում իշխանությունները որոշումը բացատրում են օրինականության և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։
Վենետիկում Ամանորի գիշերն արգելվում է հասարակական վայրեր բերել և օգտագործել ապակե տարաներով և պլաստիկ շշերով խմիչքներ՝ ինչպես ալկոհոլային, այնպես էլ ոչ: Սահմանափակումն ուժի մեջ է դեկտեմբերի 31-ի ժամը 19:00-ից մինչև հունվարի 1-ի ժամը 6-ը: Արգելքը վերաբերում է բարերին և ռեստորաններին:
Վենետիկի քաղաքապետ Լուիջի Բրյունարոն կանոնների խստացումը բացատրել է անվտանգության նկատառումներով և հասարակական կարգի ապահովման անհրաժեշտությամբ։
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում դեկտեմբերի 31-ի կեսօրից մինչև հունվարի 1-ի կեսօր փողոցներում արգելվել է ալկոհոլի վաճառքն ու օգտագործումը։ Պարետային ժամ է մտցվել նաև մինչև 16 տարեկան անձանց համար՝ առանց «ծնողների կամ ընտանիքի ներկայացուցիչների» ուղեկցության՝ դեկտեմբերի 31-ի ժամը 22-ից մինչև հունվարի 1-ի ժամը 6-ը։
Լիոնի քաղաքապետարանը սահմանափակել է ալկոհոլի օգտագործումը հասարակական վայրերում դեկտեմբերի 31-ի ժամը 17-ից մինչև հունվարի 1-ի առավոտյան ժամը 11-ը։
Դեկտեմբերի 31-ի երեկոյան ժամը 20.00-ից մինչև հաջորդ օրը ժամը 9-ը ալկոհոլի վաճառքն արգելված է։ Արգելվում է հրավառության պարագաների վաճառքը, գնումը, պահպանումը և փոխադրումը դեկտեմբերի 30-ի առավոտյան ժամը 6-ից մինչև հունվարի 3-ի ժամը 6-ը։