ՄԱԿ. 2024-ը՝ երեխաների համար ամենավատ տարիներից մեկը
Յուրաքանչյուր վեցերորդ երեխա կամ մոտ 473 միլիոն երեխա ապրում է պատերազմական գոտում՝ 2024 թվականը դարձնելով երբևէ եղած վատագույն տարիներից մեկը: Համապատասխան տեղեկությունը տեղադրված է ՄԱԿ-ի մանկական գործակալության (ՅՈՒՆԻՍԵՖ) կայքում։
«Գրեթե բոլոր չափանիշներով 2024 թվականը ՅՈՒՆԻՍԵՖ-ի պատմության մեջ ամենավատ տարիներից մեկն է եղել հակամարտությունների մեջ հայտնված երեխաների համար՝ ինչպես տուժած երեխաների թվաքանակով, այնպես էլ նրանց կյանքի վրա ազդեցության մակարդակով», - ասվում է գործակալության հայտարարության մեջ:
Հստակեցվում է, որ 1990-ականների համեմատ այս ցուցանիշը կրկնապատկվել է։ Մասնավորապես, եթե 30 տարի առաջ մանկական բնակչության մոտ 10 տոկոսը գտնվում էր հակամարտության գոտիներում, ապա այժմ այդ թիվը կազմում է մոտ 19 տոկոս։