Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող բաժնում պահպանում են բազմաթիվ արժեքավոր վկայություններ
Այսօր Կինոյի միջազգային օրն է, և սա հիանալի առիթ է՝ անդրադառնալու Գրականության և արվեստի թանգարանի՝ տասներորդ մուսային վերաբերող այս բաժնին։ Չնայած իր համեմատաբար փոքր ծավալին, այս բաժինը պահպանում է հայկական կինեմատոգրաֆիայի պատմության բազմաթիվ արժեքավոր վկայություններ:
Գրականության և արվեստի թանգարանից հայտնում են, որ այստեղ ներկայացված են անվանի կինոբեմադրիչներ Էրազմ Մելիք-Քարամյանի, Ստեփան Կևորկովի, Գրիգոր Մելիք-Ավագյանի, Արտաշես Հայ-Արտյանի, Լևոն Իսահակյանի, Ֆրունզե Դովլաթյանը, Լաերտ Վաղարշյանի, Արման Մանարյանի, օպերատորներ Սերգեյ Իսրայելյանի, Ժիրայր Վարդանյանի, կինոնկարիչներ Միքայել Արուտչյանի, Ստեփան Անդրանիկյանի, կինոգետներ Դանիել Դզնունու, Գրիգոր Չախիրյանի, ինչպես նաև մի շարք կինոդերասանների անհատական ֆոնդեր։
Թանգարանի կինոֆոնդերի գոհարներից են համաշխարհային հռչակ ունեցող հայ կինեմատոգրաֆիստ Համո Բեկնազարյանի, նրա հետ համագործակցած անվանի օպերատոր Դմիտրի Ֆելդմանի և խորհրդային ու հայկական մուլտիպլիկացիայի հիմնադիր Լև Ատամանովի (Լևոն Ատամանյան) ֆոնդերը։
Անհատական ֆոնդերն ընդգրկում են սցենարներ, լուսանկարներ, էսքիզներ, ազդագրեր և այլ արխիվային նյութեր, որոնք կարևոր ներդրում են հայկական կինոյի պատմության պահպանման գործում։ Կինոֆոնդերում պահվում են նաև եզակի կինոսարքավորումներ, որոնք օգտագործվել են առաջին հայկական ֆիլմերի ստեղծման ժամանակ։