Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
Հայաստանի շախմատի ֆեդերացիան ամփոփել է հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականը շախմատի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻԴԵ-ի կողմից ճանաչվել է 100-ամյակի լավագույն թիմ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքակամը լավագույն թիմ է ճանաչվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից կազմակերպված «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթում:
Հունիսի 1-ից 14-ը Հնդկաստանում անցկացվել է շախմատի աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը, որտեղ գրոսմայստեր Էմին Օհանյանը և կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը դարձել են փոխչեմպիոններ:
Հունիսի 20-ից 28-ը Հունաստանում անցկացվել է շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկան պատանիների թիմային առաջնությունը, որտեղ Հայաստանի թիմը դարձավ փոխչեմպիոն:
Թիմի անդամներն էին՝
ՄԳ Էմին Օհանյան
ՄՎ Արսեն Դավթյան
ՖՎ Ռոբերտ Փիլիպոսյան
ՖՎ Էրիկ Գասպարյան
ՖՎ Բենիկ Ագասարով
Հուլիսի 19-ից 28-ը Հայաստանում անցկացվել է Ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անձանց շախմատի աշխարհի անհատական առաջնությունը, որտեղ ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը դարձել է բրոնզե մեդալակիր:
Օգոստոսի 17-ից 18-ը Չեխիայում անցկացվել է Եվրոպայի պատանիների արագ շախմատի առաջնությունը, որտեղ ՖԻԴԵ-ի վարպետ Ալեքս Սահակյանը դարձել է մինչև 18 տարեկան պատանիների չեմպիոն, իսկ Սոֆիա Բաղրամյանը՝ մինչև 8 տարեկան աղջիկների բրոնզե մեդալակիր:
Օգոստոսի 19-ից 20-ը Չեխիայում անցկացվել է Եվրոպայի պատանիների կայծակնային շախմատի առաջնությունը, որտեղ Սոնա Կրկյաշարյանը դարձել է մինչև 14 տարեկան աղջիկների չեմպիոն, իսկ Սոֆիա Բաղրամյանը՝ մինչև 8 տարեկան աղջիկների չեմպիոն:
Օգոստոսի 22-ից 31-ը Չեխիայում անցկացվել է շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը, որտեղ միջազգային վարպետ Արսեն Դավթյանը դարձել է մինչև 18 տարեկան պատանիների փոխչեմպիոն, ՖԻԴԵ-ի վարպետ Բենիկ Ագասարովը դարձել է մինչև 16 տարեկան պատանիների փոխչեմպիոն, իսկ վարպետի թեկնածու Տիգրան Համբարձումյանը՝ մինչև 12 տարեկան պատանիների փոխչեմպիոն:
Սեպտեմբերի 10-ից 23-ը Հունգարիայում անցկացվել է շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադան, որտեղ Հայաստանի տղամարդկանց հավաքականը կիսել է 2-6-րդ հորիզոնականները, իսկ կանանց հավաքականը՝ 3-6-րդ: Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը և միջազգային վարպետ Աննա Սարգսյանը համապատասխանաբար 3-րդ և 4-րդ խաղատախտակների վրա դարձել են բրոնզե մեդալակիրներ:
Նոյեմբերի 7-ից 20-ը Մոնտենեգրոյում անցկացվել է շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, որտեղ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը նվաճել է աշխարհի գավաթի ուղեգիր: