Սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի. Խորհուրդներ՝ տոներից առաջ
Գնումներ, սննդամթերքի պահպանում, ուտեստների պատրաստում. գործեր, որ պահանջում են ուշադրություն և հիգիենայի կանոնների պատշաճ կիրառում, քանի որ առկա են նպաստավոր պայմաններ սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդությունների առաջացման համար: Բացի այդ, այս օրերին ավելի հաճախ են օգտագործվում երկար, ոչ պատշաճ պայմաններում պահված, բազմակի անգամ տաքացրած կերակրատեսակներ կամ միմյանց հետ ոչ համատեղելի մթերքներ, որոնք իրենց հերթին դառնում են մարսողական համակարգի տարբեր բնույթի խանգարումների պատճառ:
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տոնական օրերին սննդային գործոնով պայմանավորված վարակիչ հիվանդություններից և թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է.
. գնումներ կատարել խանութներից, ոչ թե անկազմակերպ վաճառքի կետերից՝ փողոցից և շուկաների հարակից տարածքներից,
. գնումներ կատարելիս ուշադրություն դարձնել մթերքի պահպանման պայմաններին, պիտանիության ժամկետին, արտաքին տեսքին,
. խանութներից պատրաստի կերակրատեսակներ ձեռք բերելիս ուշադրություն դարձնել պատրաստման և իրացման ժամկետներին, պահպանման պայմաններին, ջերմաստիճանին,
. կիսապատրաստի մթերքներն օգտագործելուց առաջ անպայման ենթարկել կրկնակի ջերմային մշակման,
. խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից, իսկ օգտագործելու դեպքում եռացնել 15-20 րոպե՝ եռման պահից սկսած,
. արագ փչացող սննդատեսակները՝ աղցանները, մսային կերակրատեսակները, դոնդողը պատրաստել տանը, քիչ քանակով,
. սնունդ պատրաստելուց առաջ և ամեն անգամ հում մթերքի հետ շփվելուց հետո ձեռքերն անպայման լվանալ,
. հում և պատրաստի մթերքի մշակման ժամանակ օգտագործել առանձին մասնատման տախտակներ, դանակներ, մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ,
. մանրազնին լվանալ կանաչեղենը, միրգը և բանջարեղենը՝ հոսող ջրի տակ,
. սննդամթերքը սառնարանում պահել փակ տարաներով,
. սառնարանում պահպանել սննդամթերքի պահման կանոնները՝ հում սննդամթերքը, կիսապատրաստի մթերքները պահել պատրաստիից առանձին՝ առանձին դարակաշարում,
. չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի,
. սննդամթերքը սեղանին պահել 2 ժամից ոչ ավելի,
. չգնել ու սննդում չօգտագործել անհայտ ծագման, չստուգված սնկեր: Սունկը գնել միայն շուկայից և խանութներից` համապատասխան իրավասու մարմնի կողմից տրված փաստաթղթի առկայության դեպքում:
Տոնական օրերին, եթե դիտվեն մարսողության խանգարումներ, սրտխառնոց, ցավեր որովայնի շրջանում, անհապաղ դիմել բժշկի։