Անչափահաս տղան «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի և բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին
Դեկտեմբերի 29-ին, ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Opel»-ին։
«Վթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածներն ու «Volkswagen»-ի վարորդը, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները։ Վթարի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։
Վրաերթ-վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը:Քննիչի հանձնարարականով «Volkswagen»-ը տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք»,-դեպքի մասին հայտնում է shamshyan.com-ը։
Հարակից հրապարակումներ`
- Շղթայական ավտովթար 12 տրանսպորտային միջոցի մասնակցությամբ
- Շղթայական ավտովթար Արարատում 100-ից ավելի ավտոմեքենաների մասնակցությամբ, կա մեկ զոհ
- Խոշոր վթար է տեղի ունեցել Գավառ-Սևան ավտոճանապարհին
- Շղթայական վթար Թուրքիայում, կան տասնյակ վիրավորներ