ԱՄՆ դեսպան. Ձեր շնորհիվ կարողացել եմ Երևանում ինձ զգալ ինչպես իմ տանը
ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամանորի ուղերձ է հղել՝ ուղղված հայ ժողովրդին։ ԱՄՆ դեսպանության տարածած ուղերձում ասված է.
«Ընկերներիս և ընտանիքիս հետ նշելով ամանորյա տոները՝ ցանկանում եմ գալիք տարում մաղթել խաղաղություն, երջանկություն և բարգավաճում։
Տոները հիանալի առիթ են՝ համատեղ ձեռքբերումների մասին խորհելու և գալիք տարին պլանավորելու համար։
Նոր Տարուն ընդառաջ ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են։ Անհամբերությամբ սպասում եմ մեր երկրների միջև հարաբերությունների հետագա զարգացմանը 2025 թվականին։
Երախտապարտ եմ Հայաստանում գտնվելու ընթացքում ինձ և իմ ընտանիքին ցուցաբերված ջերմ և բարեկամական վերաբերմունքի համար։ Ձեր շնորհիվ կարողացել եմ Երևանում ինձ զգալ ինչպես իմ տանը։ Այստեղ տոնական նոր ավանդույթներ ենք ձևավորել, որոնցից մեկն էլ տոնածառի վինտաժային զարդարանքների ձեռքբերումն է Վերնիսաժից։
Թող ձեր տոնական օրերը լցված լինեն ուրախությամբ, խաղաղությամբ և սիրով։
Շնորհավո՛ր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։