ԱՄՆ-ում հիմնադրվել է «Արցախի պահպանության ճակատ» հասարակական կազմակերպությունը. AAIC
Հայ-Ամերիկյան տեղեկատվական կենտրոնից (AAIC) հայտնում են.
«Արցախից բռնահանության հետևանքով ԱՄՆ տեղափոխված արցախցիների համախմբման նպատակով հիմնադրվել է «Արցախի պահպանության ճակատ» հասարակական կազմակերպությունը: Նորաստեղծ կառույցի նպատակն է աջակցել Արցախից ԱՄՆ տեղափոխված հայրենակիցներին՝ լուծելու նրանց առաջ ծառացած խնդիրները, գնահատելու ռեսուրսները և պահպանելու նրանց ինքնությունը:
Օրերս Լոս Անջելեսում կայացավ կազմակերպության հիմնադիր հավաքը, որը համախմբել էր հայկական համայնքի արցախցի ներկայացուցիչներին։
Կազմակերպության հիմնադիրները կարևոր են համարում, որ ԱՄՆ-ում ձևավորվի արցախցիներին ներկայացնող ուժեղ հասարակական կառույց, որը կպաշտպանի նրանց շահերն ու կներկայացնի նրանց ձայնը տեղական և դաշնային մակարդակներում:
«Արցախի պահպանության ճակատը» նախատեսում է նաև միջոցներ ձեռնարկել իրավաբանական աջակցության ապահովման ուղղությամբ՝ Արցախի հարցը բարձրաձայն պահելու և ԱՄՆ դաշնային քաղաքական մակարդակով քննարկումների օրակարգում ընդգրկելու համար:
Հեռահար ծրագրերը ներառում են նաև նոր տեղափոխվածների երեխաների կրթության աջակցություն, որպեսզի նրանց մեջ պահպանվեն հայեցի դաստիարակությունը և արցախյան ինքնությունը: Բացի այդ, կազմակերպությունը նպատակ ունի զարգացնել և պահպանել Արցախի մշակույթը, բարբառն ու ավանդույթները:
«Արցախի պահպանության ճակատի» հիմնադիրների տեսլականում է այս մոդելը դարձնել վարակիչ ոչ միայն արցախցիների համար, այլև ամբողջ հայության ինքնությունը ԱՄՆ-ում պահպանելու նպատակով: Արցախցիները դարեր շարունակ եղել են տոկունության ու ամրության խորհրդանիշ, և կազմակերպիչները ցանկանում են ցույց տալ, որ արցախցին չի դադարել պայքարել՝ ոչ միայն իր իրավունքների, այլև ամբողջ հայ ազգի համար:
Հայ-Ամերիկյան տեղեկատվական կենտրոն (AAIC)
Հարակից հրապարակումներ`
- Անգամ ադրբեջանում են գիտակցում, որ Արցախը իրենց կազմից դուրս վիճակի հետ 30 տարի հաշտվել են հենց սեփական սահմանադրությամբ. Դանիելյան
- Ինչո՞ւ պետք է 5000 երեխու ջարդեիք, կnտnրեիք, նոր տայիք Արցախը. Անհետ կորած զինծառայողի հարազատ