Սննդի անվտանգային նկատառումների հասցեատերը մենք չենք՝ գնացե՛ք, բողոքե՛ք պատկան պետական մարմիններին. Դավիթ Պիպոյան
Ժամանակակից աշխարհում պետության ամենաթանկ կապիտալը՝ մարդկային կապիտալն է։ Վերջինիս արժեքը ոչ միայն մտային որակով՝ կրթույան աստիճանով է պայմանավորվում, այլև ֆիզիկական առողջությամբ։ Գլոբալ էկոլոգիական հիմնահարցերի պայմաններում մարդու առողջությունը մեծապես կախված է առողջ սննդից և սննդակարգից, որոնք դարձել են զարգացած երկրների ռազմավարական առաջնահերթ խնդիրները։ Արդյո՞ք պետական մակարդակով լուծվում են ՀՀ քաղաքացիների սննդակարգի խնդիրները։ Հիմնահարցի շուրջ «Panorama-հարցազրույցներ»-ի տաղավարում իր դիրքորոշումը հայտնեց, ՀՀ ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը։
Հարցազրույցում հնչեցված հիմնական թեզերի առաջին մասը՝ ստորև։
▪Կարևո՞ր է արդյոք կերակրի աղը, այո կարևոր է։ Ունե՞նք արդյոք կերակրի աղի ավելցուկային քանակով պայմանավորված հանրային առողջապահական խնդիր՝ այո ունենք։ Արդյո՞ք հանրային սննդի կետերում աղի արգելքի նախաձեռնությունը կարող է ուեննալ բարերար ազդեցություն, ոչ, չի կարող։
▪Ասում ենք եկեք ուսումնասիրենք կերակրի աղի աղբյուրները ՀՀ բնակիչների սննդակարգում, հասկականք, թե որ մթերքներն են, որ ամենամեծ մասնաբաժինն ունեն աղի օգտագործման մեջ և ես հավաստիացնում եմ, որ Հայաստանում այդ մթերքը հացն է։
▪Անգամ ՀՀ առողջապահության նախարարությունում սնուցման վարչություն չկա։ Պատկերացնո՞ւմ եք, ամբողջ աշխարհում այսօր որքան կարևոր է այս խնդիրը։ Դպրոցներից սկսած ԲՈՒՀ-երում շարունակվող մշտական աշխատանքներ են տարվում, հանրային իրազեկում է իրականացվում, համապատասխան ճաշարաններ են բացվում։ Որովհետև բոլոր երկրները հասկացել են, որ մարդու սննդակարգով պայմանավորված բազմաթիվ հիվանդություններ կան։
▪Մարդիկ անընդհատ գրում են՝ ինչու օրենքով չեք արգելում։ Ամբողջ աշխարհում շատ քիչ են այն մթերքները, որոնք օրենքով արգելվում են, որովհետև օրենքով արգելելու համար պետք է լինեն հստակ գիտական ապացույցներ, թե տվյալ տարրը, օրինակ, քաղցկեղածի՞ն է, հանրային առողջապահական խնդիրնե՞ր է առաջացնում։
▪Բայց հիմա 21-րդ դարն է, սննդարդյունաբերության ինովացիաների դարաշրջան է։ Մարդկանց բացատրում ես, որ կա կաթնամթերքի փոխարինիչով մթերք, բայց եթե շատ ես օգտագործում և կարող է թույլատրելի շեմն անցնել, ինչու չենք արգելում։ Ամբողջ աշխարհում չեն կարող արգելել կաթնամթերքի փոխարինիչները։ Սննդային հավելումները ինչո՞ւ չենք արգելում, որովհետև բոլոր երկրներում օգտագործում են այդ սննդային հավելումները։
▪Մենք հասարակության մեջ ունենք ահռելի մեծ խումբ, որն իր օրական կալորիաների 50%-ը ստանում է միայն ալրային հիմքով մթերքներից։ Մեզ պետք է ածխաջրեր՝ 50-55%, բայց չպետք է այդ տոկոսը մենք ստանանք մեկ խմբից։ Այս խումբը պետք է օրական պարտադիր պարունակի միրգ, բանջարեղեն, հատիկեղեն,այսինքը բոլոր այն մթերքները, որոնք ածխաջրերի աղբյուր են հանդիսանում։
▪Եթե դուք ձեր եկամուտների, կամ աշխատավարձի հետ կապված ունեք բողոք, ինձ մի բողոքեք, ես չինովնիկ չեմ, պատկան մարմին չեմ։ Գնացեք բողոքեք ձեր գործատուին, սոցապ նախարարությանը։ Իմ խնդիրեն է մարդկանց իրազեկել, որ եթե մեկ տեսակ ուտելիք շատ ես օգտագործում՝ կան առողջապահական խնդիրներ, պետք է սնունդը բազմազանեցնել։
▪Մարդիկ կան, որ օրական 1 կգ ձմերուկ են օգտագործում, այն երկու մեծ դիլիմն է։ Երբ հետազոտությունս ցույց է տվել 1 կգ ձմերուկի ռիսկ, ապա չասե՞մ մարդկանց, որ 1 կգ ձմերուկով դուք ռիսկի եք ենթարկում ձեր առողջությունը։
▪Ունենք հանրային առողջապահական խնդիրը, եթե հացի մատակարարման շղթան ուսումնասիրում ես՝ մենք 99%-ով ունենք ցորենի բարձր տեսակի ալյուրից պատրաստված հաց։ Սա շատ կարևոր խնդիր է։ Մենք բոլորս շատ լավ գիտենք, թե որքան կարևոր է ամբողջահատիկ ցորենի ալյուրը։ Բյաց այս խնդրում պետությունն էլ իր գործը լիարժեք չի իրականացնում։
▪Կա Առողջապահության նախարարության հրաման նախադպրոցական հաստատությունների սննդակարգի հետ կապված։ Այնտեղ հստակ գրված է, որ երեխան չի կարող օգտագործել միայն ցորենի բարձր տեսակից պատրաստվող հաց։ Եկեք տեսախցիկները վերցնենք միասին մտնենք մանկապարտեզներ։ Բոլոր մանկապարտեզներում մասսայական նույն խնդիրն է։ Գիտեք քանի անգամ եմ խնդիրը բարձրաձայնել պատկան մարմինների մոտ, թե ինչու պատշաճ վերահսկողություն չեք իրականացնում։
▪Ես միշտ նույն հարցն եմ բարձրացնում՝ ասելով, թե եկեք գոնե հանրային սննդի ոլորտը կարգավորենք։ Վերջին 3-4 տարիներին պետական մարմինների հետ հանդիպմանը միշտ նույն հարցն եմ բարձրացնում՝ լուծենք հանրային սննդի կետերի անվտանգությունը, որովհետև ամեն տարի թունավորումներ ենք արձանագրում։ Կարելի՞ է ամեն տարի լրագրողները 5 օր խոսեն այս ռեստորանում կամ սրճարանում թունավորումների մասին և ամեն տարի այդ խնդիրները լուծում չստանան։ Նորից ռեստորանը որոշ կոսմետիկ աշխատանք անի և առանց անվտանգային համակարգի ներդրման շարունակի աշխատել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տոնական օրերին պահպանել երեխայի կանոնավոր սննդակարգը. մասնագետների խորհուրդները
- Սննդի գները եռապատկված են․ ինչ վիճակ է Հալեպում
- Սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ հանրային սննդի կետում
- Նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 77 065 դրամ, ինչը նույնիսկ ավելին է, քան նվազագույն աշխատավարձը
- Հուլիսի 1-ից նվազագույն կենսաթոշակի չափը՝ 31.600-ի փոխարեն հասնելու է 36.000 դրամի. Նարեկ Մկրտչյան
- Կես ձու,100 գրամ միս, 300 գրամ բանջարեղեն. Պարենային զամբյուղը Հայաստանում