2025 թվականից մաքսային մարմնում կմեկնարկի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2025 թվականին հունվարին մաքսային մարմնում ամբողջական կմեկնարկի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը։ Այսինքն, ապրանքների հայտարարագրերի սպասարկումն իրականացվելու է հեռավար եղանակով` նվազագույնի հասցնելով մաքսային ծառայող-հայտարարատու շփումը:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ, այլ կերպ ասած` ապրանքների հայտարարագիրը ներկայացվելուց հետո այլևս անհրաժեշտ չի լինի, որպեսզի հայտարարատուն կամ վերջինիս ներկայացուցիչն այցելի մաքսային սպասարկման սրահ: Փոխարենը, ապրանքների հայտարարագիրը ներկայացվելուն պես, մաքսային ծառայողն ինքնաշխատ համակարգի միջոցով անմիջապես ստանալու է էլեկտրոնային ծանուցում` հայտարարագրի ներկայացված լինելու վերաբերյալ։ Այնուհետև մաքսային ծառայողն իրականացնելու է անհրաժեշտ մաքսային գործառնությունները, որից հետո ապրանքների բացթողնման վերաբերյալ հայտարարատուն կամ վերջինիս ներկայացուցիչն էլեկտրոնային եղանակով կստանա ծանուցում:
Միաժամանակ, ապրանքների հայտարարագրի գծով իրականացվող մաքսային գործառնությունների ժամանակ լրացուցիչ փաստաթղթերի կամ տեղեկությունների ճշտման անհրաժեշտության դեպքում, մաքսային ծառայողները հայտարարատուների հետ նույնպես շփվելու են տվյալ էլեկտրոնային համակարգի միջոցով:
«Ծանուցման» էլեկտրոնային համակարգի ամբողջական գործարկումը լինելու է փուլային եղանակով: Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ առաջին փուլով` 2025 թվականի հունվարի 3-ից, «Զվարթնոց» օդանավակայանով (այդ թվում` «Կարգո» բեռնային համալիրով), ինչպես նաև փոստային կամ սուրհանդակային ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով ժամանող և մեկնող բեռների մասով ներկայացված ապրանքների հայտարարագրերի (մաքսային մարմնի ծածկագիր` 05100011) սպասարկումն իրականացվելու է նշված համակարգի միջոցով։ Իսկ մինչև 2025 թվականի հունվարի վերջը նշված համակարգին անցում են կատարելու նաև Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Սիսիանում գտնվող մաքսային մարմինները, ինչի վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ:
Հաշվի առնելով վերը նշվածը` ՊԵԿ-ը հորդորում է 2025 թվականի հունվարի 3-ից ապրանքների հայտարարագիր ներկայացնելուց հետո, չայցելել «Զվարթնոց» օդանավակայանի «Կարգո» բեռնային համալիրում գտնվող մաքսային սպասարկման սրահ, այլ հետևել էլեկտրոնային համակարգով ուղարկվող ծանուցումներին: Միաժամանակ, ապրանքների հայտարարագրի գրանցումից հետո բացթողնման գործընթացն արագացնելու նպատակով, անհրաժեշտ է նախքան ապրանքների հայտարարագրի գրանցումը, վճարել և «90009» դասակարգչի ներքո կցել տվյալ հայտարարագրի շրջանակում առաջացած պարտավորությունների (հարկերի, տուրքերի և այլ վճարների) վճարումը հիմնավորող փաստաթղթերը: