Արշակ Կարապետյանը երեկ Մոսկվայում բերման է ենթարկվել, ապա ազատ արձակվել. ՀՀ ՆԳՆ
ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստացված տեղեկության համաձայն, Արշակ Կարապետյանը դեկտեմբերի 29- ին հայտնաբերվել և բերման է ենթարկվել ՌԴ Մոսկվա քաղաքի Տվերսկոյ շրջանի ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից, ապա ազատ արձակվել։ Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
«Արշակ Կարապետյանը 05.12.2024թ-ից ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ի կողմից ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 310-րդ, 308-րդ հոդվածի 1-ին մասի, 38-308-րդ հոդվածի 1-ին մասի և 38-375-րդ հոդվածի 1-ին մասի մեղադրանքով հետախուզվում է, իսկ որպես խափանման միջոց ընտրված է բացակայելու արգելքը:
Վերջինիս նկատմամբ հայտարարված է նաև միջպետական հետախուզում»,- նշեցին ՆԳՆ-ից։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կայքերն ու թելեգրամ ալիքները հայտնել էին,որ Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը։
«Տղամարդը ձերբակալվել է Տվերսկայա փողոցում։ Նրա նկատմամբ Հայաստանում հետախուզում է հայտարարված ձեռնարկատիրությանը ապօրինի մասնակցության, պաշտոնեական դիրքի չարաշահման և լիազորությունները չարաշահելու մեղադրանքով», - ասված է հրապարակման մեջ:
Արշակ Կարապետյանը զբաղեցրել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը 2021 թվականին՝ մի քանի ամիս։